11.09.2010 | 
Հասարակություն
ԱՅՍՕՐ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
ԱՅՍՕՐ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
18 տարի առաջ` այս օրը, Վաղուհասի ազատագրության համար մղված մարտում զոհվեց հերթական հերոս-համալսարանականը:

Նա ընդամենը 20 տարեկան էր, Տնտեսագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող, դեռ մի ամբողջ կյանք առջեւում էր, բայց նրա կյանքն ամբողջացավ մեկ նպատակում` Արցախն ազատ տեսնելու գաղափարում: Վարդանը երրորդ կուրսում էր սովորում` գերազանց առաջադիմությամբ, երբ սկսվեց Արցախյան շարժումը:

 

Այդ օրվանից նա իր տեղը չէր գտնում, անընդհատ կռվի մասին էր մտածում, տանեցիներին նախապատրաստում իր որոշմանը: 1992-ի օգոստոսի 15-ի` մահապարտներին ուղղված Վազգեն Սարգսյանի կոչը ճակատագրական դարձավ. օգոստոսի 31-ին Վարդանն արդեն Ղարաբաղում էր: 20-ամյա պատանին, ծանր գնդացիրը կրծքին ամուր սեղմած, միշտ առաջինն էր գրոհի նետվում, անընդհատ ուզում էր կռվել, հաղթել…բայց «նրա կռիվը» երկար չտեւեց: Սեպտեմբերի 11-ին` Վաղուհասի բարձունքի գրոհի ժամանակ, գնդացիրը ձեռքին` զոհվեց Վարդան Հովհաննիսյանը: «Մահապարտներ»-ի «Արծիվ» ջոկատի ուսանող-ազատամարտիկի մահվան օրվա կապացությամբ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները Եռաբլուրում էին:

 

Այստեղ էին նաեւ Վարդանի մարտական ընկերները, հարազատները: «Մենք միայն հաջորդ օրն իմացանք, որ ինքն արդեն Ղարաբաղում է: Մեզ ոչինչ չէր ասում, բայց ամբողջ անցուդարձին ծանոթ էր, ուշքն ու միտքը կռիվն էր»,-հիշում է հերոսի մայրը` ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ավագ լաբորանտ Սալբի Հովհաննիսյանը: «Թումանյանական մի բան կար մեջը,-հիշում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քեյթի Գոնդակչյանը.-այնքան համեստ էին այդ տղաները, որ երբեք չէիր մտածի, թե այդքան խիզախ էին ու հայրենասեր»:

 

Սպարտակ Մաթեւոսյանը Վարդանի մարտական ընկերներից է: «Քաջ տղա էր, լավ գնդացրորդ»,- ասում է երիտասարդ ազատամարտիկի ավագ ընկերն ու հիշում, թե ինչպես էր Վարդանը սիրում անգիր արտասանել Պարույր Սեւակի` ազգային ինքնության մասին հոդվածներից մեկը: Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Խաչատրյանն առաջին անգամը չէ Եռաբլուրում. նա «Վարդանանք»-ի ակտիվ անդամներից է: «Ամեն անգամ այստեղ գալով` ավելի ենք ոգեշնչվում, հպարտանում: Մենք էլ դառնում ենք մեր գործի զինվորը»,- ասում է Լիլիթը: Վարդանի շիրիմի մոտ բոլորն էլ հուզված են, բայց ոչ ոք չի լացում: Մի տեսակ հպարտ տրամադրություն է թեւածում այստեղ. այդպես է, քանի հիշում են հերոսներին, քանի նրանց անունները վառ են նոր սերունդի հոգիներում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: