18.02.2008 | 
ՎԱՂՎԱ ԳՐԱԿԱՆ ՕՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ Է
ՎԱՂՎԱ ԳՐԱԿԱՆ ՕՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ Է
Արդեն հայտնի են ԵՊՀ «Երիտասարդ ստեղծագործողների» մրցույթի հաղթողները:
Փետրվարի 18-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության հաղթողներ ճանաչվեցին Հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Ոսկանյանը (1-ին մրցանակ), Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Կարապետյանը (2-րդ մրցանակ), Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի 4–րդ կուրսի ուսանողուհի Անի Պապյանը (3-րդ մրցանակ): Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի եւ Հայաստանի գրողների միության համագործակցության շրջանակներում արդեն երկրորդ տարին անցկացվում է նման մրցույթ: Այս տարի մասնակցում են շուրջ 50 ԵՊՀ ուսանողներ, ովքեր ներկայացրել են ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործեր, այս տարի նույնիսկ մի վեպ կա: Հեղինակը Մարիամ Կարապետյանն է: «Վեպի վերնագիրն է «Աչքերը»: Առանցքը սիրո պատմությունն է, բայց անդրադարձել եմ կյանքի զանազան երեւույթներին, ինչն էլ վեպը բազմազան է դարձնում: Վեպն այն մասին է, թե մեր հասակակից ու ժամանակակից աղջիկն ինչպես է ընկալում կյանքը, ինչ գույն ունի այն իր աչքերում: Գրել եմ իմ զգացածի մասին»,- ասում է Մարիամը: Մրցանակակիրներին որոշելու համար ստեղծվել է մրցութային հանձնաժողով, որի նախագահն է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Հանձնաժողովի կազմում են ՀԳՄ վարչության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը, ՀԳՄ անդամ Արքմենիկ Նիկողոսյանը, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը, բան. գիտ. թեկնածու Սարգիս Մխիթարյանը եւ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: «Եթե 60-ականների մեր տաղանդավոր գրողները` Հենրիկ Էդոյանը, Դավիթ Հովհաննեսը, տպագրվում էին ուսանողական պատի թերթերում, ապա այսօր, ԵՊՀ ռեկտորի հովանավորությամբ, ոչ միայն մրցանակի են արժանանում լավագույն գործերը, այլեւ դրանք տպագրելու հնարավորություն կա»,- ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Երիտասարդ հաղթողները ԵՊՀ-ի կողմից ստացան նաեւ դրամական պարգեւներ: Արդեն երկրորդ տարին անցկացվող մրցանակաբաշխությունը ցույց է տալիս, որ այսօր համալսարանում կան երիտասարդներ, ովքեր գիտեն խոսքի արժեքը: Վերջին երկու տարիներին ներկայացված այն ստեղծագործությունները, որոնք համարվել են լավագույնը, բայց մրցանակի չեն արժանացել, կտպագրվեն առանձին «Մուտք» մատենաշարով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի ոչ միայն ի հայտ բերելու գրական ճաշակ եւ ստեղծագործական ունակություններ, այլեւ երիտասարդության շրջանում այդ ճաշակը ձեւավորելու. «Գրիչ ոչ բոլորին է տրվում, ես ուրախ եմ, որ կան երիտասարդներ, ովքեր գիտեն բառ ու բանի համն ու հոտը»: