17.03.2009 | 
Ուսանողական, Մշակույթ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀՌՉԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐԻՆ
«Ուրախ եմ նորից հայրենի եզերքում գտնվելու համար: Ես արմատներով և հոգով հայ եմ, ուստի չէի կարող մերժել համալսարան այցելելու առաջարկը: Բացի այդ, այս կրթօջախն ինձ շատ հարազատ է, քանի որ այստեղ են դասավանդել իմ պապն ու մայրը»:

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի հրավերով ուսանողներին էր հյուրընկալել հայազգի հռչակավոր ռեժիսոր Գեորգի Իսահակյանը, ով Հայաստան է ժամանել Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան բեմադրելու համար: Հանդիպումը բավականին ջերմ անցավ: Գեորգի Իսահակյանը նախ ներկայացրեց որոշ կենսագրական տվյալներ, այնուհետև ուսանողներին պատմեց իր ստեղծագործական փայլուն ճանապարհի հետաքրքրաշարժ մի քանի դրվագներ:

 

Գ. Իսահակյանը ծնվել և կրթություն է ստացել Երևանում: Սակայն հայրենի երկրում ստեղծագործելու հնարավորություն չունենալու պատճառով ընդունել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր-բեմադրիչ աշխատելու առաջարկը. «Սկզբում ես շատ վիրավորված էի: Դիպլոմային աշխատանքիս թեման «Անուշն» էր, և այն գերազանց պաշտպանելուց հետո կարծում էի` կարող եմ գործունեություն ծավալել մեր օպերան զարգացնելու ուղղությամբ:

 

Ցավոք, ճակատագրի բերումով հայտնվեցի հեռավոր Պերմում, սակայն չեմ զղջում, քանի որ հենց այնտեղ ես մեծ նվաճումներ ունեցա»,- պատմում է Գեորգի Իսահակյանը: Ի դեպ, 2007 թ-ին ՌԴ նախագահի հրամանով թատերական ասպարեզի զարգացման գործում մեծ վաստակ ունենալու համար Գեորգի Իսահակյանին շնորհվել է «ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը: Իսկ 2008 թ-ին Կ. Մոնտեվերդիի «Օրֆեյ» օպերայի բեմադրման համար «Կուլտուրա» թերթը նրան ճանաչել է «տարվա ռեժիսոր»:

 

Նա արժանացել է նաև ՌԴ պետական մրցանակի: Ռեժիսորն իր աշխատանքային գործունեության ընթացքում բեմադրել է մի շարք աշխարհահռչակ ստեղծագործություններ` «Անուշ» (Ա. Տիգրանյան), «Սիրո երեք դեմքերը» (Ս. Պրոկոֆև), «Պիկովայա Դամա» (Պ. Չայկովսկի), «Օթելլո» (Ջ. Վերդի), «Բոհեմա» (Ջ. Պուչինի), «Նոյյան Տապան» (Բ. Բրիտտեն), «Ջրահարսը» (Ա. Դվորժակ) և այլն: Գ. Իսահակյանը կարևորեց երիտասարդների հետ հանդիպումները և հավելեց. «Անկախ նրանից, թե որ երկրի բեմում եմ աշխատում, ես անհրաժեշտ եմ համարում երիտասարդների հետ շփումը, քանի որ հենց երիտասարդներն են մեր հանդիսատեսները, ուստի շատ ուրախ եմ ձեզ հանդիպելու համար»: Հանդիպման ընթացքում համալսարանականները հնարավորություն ունեին հարցեր ուղղելու հյուրին, իսկ ավարտին ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը Գեորգի Իսահակյանի համար կատարեց «Կալինկա» և «Պոդմոսկովնիե Վեչերա» երգերը:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: