15.12.2010 | 
Կրթություն, Հասարակություն
ԴԱՏԱԽԱՂ, ԲԱՅՑ ՈՉ ԽԱՂԻ ՏԵՍՔՈՎ
ԴԱՏԱԽԱՂ, ԲԱՅՑ ՈՉ ԽԱՂԻ ՏԵՍՔՈՎ
Քննվող գործն իրական է, դատավարության կողմերը` համակուրսեցիներ, ձեւաչափը` դատախաղ:

Այսօր Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց ընդերքի օգտագործման իրավունքին վերաբերող դատախաղ: «Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրամանից հետո Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում քար լռություն էր: Ֆակուլտետի ասպիրանտ, դատախաղի դատավոր Տիգրան Մարկոսյանը դատական նիստը համարեց բացված: «Կապան լեռնահանքային արդյունաբերություն» ՓԲԸ-ին տրամադրվել է լիցենզիա` հանքարդյունաբերություն իրականացնելու համար, իսկ «Էկոկայունություն» հասարակական կազմակերպությունն այդ լիցենզիան առ ոչինչ ճանաչելու հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության:

 

Մի քիչ հուզված, լարված ու դասախոսներից ամաչելով, սակայն ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ դատավարության կողմերը ներկայացնում էին իրենց պահանջներն ու առարկությունները: Սահմանված կարգի համաձայն` կողմերին լսելուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Մինչ վճռի հրապարակելը դատական նիստերի դահլիճում ու միջանցքում բուռն քննարկումներ էին ծավալվել: Հայցվոր կողմը բնականաբար կարծում էր, որ վճիռը կայացվելու է հօգուտ իրենց հասարակական կազմակերպության, իսկ պատասխանող կողմը վստահ էր, որ հայցվորի պահանջը չի բավարարվելու: Մինչդեռ ըստ «Էկոլոգիական իրավունք» առարկայի երիտասարդ դասախոս Գոռ Մովսիսյանի` երկու կողմերն էլ ներկայացրին բավականին փաստարկված հիմնավորումներ, ինչի հիման վրա դատարանը կկայացնի այնպիսի վճիռ, որը կբխի ընդհանուր իրավունքի շահերից: Իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանն անչափ ուրախ էր իր սաների մասնագիտական գիտելիքների ու դրանց պատշաճ օգտագործման համար:

 

Տիկին Իսկոյանը նախապես կարծիք չարտահայտեց, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի, սակայն հետեւելով դատավարության ընթացքին` վստահաբար նշեց, որ դատարանը կընդունի հիմնավորված, օրինական վճիռ, եւ ցանկություն հայտնեց Տիգրան Մարկոսյանին տեսնել ապագա դատավորի դերում: Նշենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ «Էկոլոգիական իրավունք» առարկայի շրջանակներում ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս է կազմում նաեւ դատախաղը: Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության եւ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված դատախաղի միջոցով ուսանողները գործնականում ծանոթանում են դատավարության առանձնահատկություններին եւ իրենց տեսանկյունից բացահայտում բնապահպանության ոլորտում առկա օրենսդրական բացթողումները:

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։