22.02.2021 | 
ՀԱՅԸ Ի ՎԵՐՋՈ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԻՐ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՏԵՂ Է. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2020» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
ՀԱՅԸ Ի ՎԵՐՋՈ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԻՐ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՏԵՂ Է. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2020» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ու մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրանտ Վալտեր Բերբերյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Վալտեր Բերբերյանի հետ խոսել ենք կրթության առջև ծառացած մարտահրավերների, հայագիտության արդիականացման և լավագույնը լինելու բանաձևի մասին:

- Դուք երկրորդ անգամ ճանաչվում եք տարվա լավագույն ուսանող: Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:

- Քչերին է հաջողվում հաղթել «Լավագույն ուսանող» մրցույթում երկու անգամ և այն էլ՝ 1-ին տեղ: Ես լավագույնն եմ ճանաչվել և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի կրթական ծրագրով:

Անչափ կարևորում եմ այս մրցույթը, այն, ըստ էության, դրական արժևորումն է իրականացրածս գործունեության, ունի խթանիչ բնույթ և ինձ մղում է հաջորդ հաջող գործունեության:

 Պարբերաբար լավագույն դառնալու համար հարկավոր է ունենալ հետաքրքրությունների լայն շրջանակ:

 Այս ընթացքում հասցրել եմ մասնակցել հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, տարաբնույթ սեմինարների, տպագրել եմ գիտական աշխատանքներ, հոդվածներ հայաստանյան և օտարերկրյա պարբերականներում, ամսագրերում, մագիստրոսական կրթական ծրագրերիս համընթաց նաև սովորել եմ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում, աշխատել եմ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Ինչպես Սթիվ Ջոբսն էր նշում՝ միայն մի միջոց կա մեծ աշխատանք կատարելու համար՝ սիրել այն։

Ես սիրում եմ իմ մասնագիտությունները (չնայած, որ դրանք չեն արժևորվում այսօր), միշտ փորձում եմ լինել այդ բնագավառում, կյանքում ամեն ինչ անում եմ մանկական ոգևորությամբ և հաճույքով: Առաջինը նպատակ եմ գտնում, քանի որ միջոցները, այսպես թե այնպես, կգտնվեն:

Գուցե հետագայում համալրեմ բանասեր քաղաքական գործիչների շարքը (Նարինե Դիլբարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան…) և զբաղվեմ կրթական քաղաքականությամբ:

- Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը գիտելիքի ձեռքբերման հին ու նոր մոտեցումների, կրթական համակարգի միջև:

- Իրականում նախկինում մարդիկ ձեռք էին բերում որոշակի գիտելիքներ, հմտություններ և տևական ժամանակ դրանք կիրառում։

 Այսօր դա հնարավոր չէ։ Ամեն ինչ շատ արագ է զարգանում, փոխվում, և մարդիկ միշտ պետք է ժամանակի հետ քայլեն: Ակնհայտ ճշմարտություն է, որ եթե միջավայրը փոխվում է, իսկ մարդկանց մեծ մասը չի փոխվում, ապա նոր իրականության և հասարակության մեծ մասի միջև առաջանում է անհամարժեքություն։

 

Մենք, կարծես, շատ մնացինք անցյալում, հնին նվիրական և չսովորեցինք նաև համակերպվել, այսօր ցանկացած նոր բան, ռեֆորմ, ինովացիա մեզ թվում է խորթ: Ակնհայտ է, որ եթե այսպես մնա ներկա կրթական համակարգը, ապա վաղը քաղելու ոչ մի պտուղ չենք ունենա:

Առաջավոր երկրները՝ Ֆինլանդիան, Սինգապուրը, Հարավային Կորեան…, լավագույն շրջանավարտներին բերում են կրթական համակարգ և մեծ արդյունքներ գրանցում: Մեզանում, ցավոք, այդպես չէ, մեր կրթական համակարգում քաոսային վիճակ է, չկա կայունություն:

Մենք երբեք չենք խոսում նաև կրթության որակի մասին, որակյալ կրթության մասին, կան որակի համաեվրոպական սահմանումներ, գնահատման մոդելներ, մոտեցումներ…:

 Հավելեմ, որ տարբեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետխորհրդային երկրներում ուսանողի առաջադիմության ցուցանիշներն ավելի ցածր են, քան Եվրոպայում սովորող ուսանողինը: Սա, անշուշտ, կապված է որակի ապահովման և վերահսկողության հետ:

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ առավելությամբ են օժտված հումանիտար գիտությունները:

- Այսօր հասարակության մեջ ավելի շատ գնահատվում են բնագիտական ոլորտի հաջողությունները, իսկ հումանիտար ոլորտը, ցավալիորեն նաև հայագիտությունը, կարծես, հետին պլան է մղվել:

Հումանիտար գիտությունների, մասնավորաբար հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է, բայց սա իրականում հենց այն բնագավառն է, որը քեզ կարող է տանել անդին ռոբոտացումից, ռոբոտային կյանքից:

Վերջերս իմացա, որ Օքսֆորդի համալսարանում անցկացվել են հետազոտություններ, ըստ որոնց՝ քսան տարի հետո մարդու կողմից կատարվող աշխատանքների 47%-ը մեքենայացվելու է։ Այս փաստն ինձ լուրջ մտահոգեց, և լիահույս եմ, որ մտածելու տեղիք կտա յուրաքանչյուր բանական մարդու: Ի վերջո ի՞նչ պետք է անենք մենք, որ փրկենք այս իրավիճակը, ինչպե՞ս խույս տանք մարդ-մեքենա դառնալու վտանգից:

Հանրահայտ մանկավարժ Մարիա Մոնթեսորին ասում էր, որ երբ մենք խոսում ենք մտավոր գործունեության մասին, միշտ պատկերացնում ենք մարդու, որն անշարժ ու լուռ նստած է, բայց մտավոր զարգացումն իրականում կապված է շարժման հետ և կախված է դրանից:

Պետք է նաև հավելեմ, որ չմնալով բանասիրության սահմաններում, մտահոգվելով կրթական խնդիրներով, հարցերով, մնացյալ բնագավառների զարգացումը (տնտեսության զարգացում, մշակույթի պահպանում, միջազգայնացում և այլն) պայմանավորելով հենց կրթությամբ՝ որոշեցի բանասիրությանը զուգընթաց ևս մեկ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնել, այն է՝ «Կրթության կազմակերպում»:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայագիտության  դերն ու նշանակությունը հատկապես այսօր:

 - Այսօր առավել քան երբևէ հայագիտության դերն առանցքային է: Հայագիտական ուսումնասիրությունները մեր պետության համար մեծ կարևորություն պետք է ունենան, որովհետև դրանք նաև քաղաքական մեծ նշանակություն ունեն, աշխարհը մեզ գնահատել և գնահատելու է միայն ու միայն մեր մշակութային հզոր ժառանգության շնորհիվ:

 Գիտաժողովներին խանդավառվում եմ՝ հանդիպելով օտարազգի հայագետների, որոնք խորամուխ են հին գրական լեզուների, գրականության ուսումնասիրության մեջ: Բանասիրությունն ունի չուսումնասիրված բազմաթիվ էջեր:

Գերխնդիր եմ համարում դրանց խորքային ուսումնասիրությունը և միջազգայնացնելը՝ հայագիտական ժառանգությունը, մասնավորաբար լեզվաբանության և գրականության արժեքները:

 

Որքանո՞վ եք կարևորում մասնագիտական խոսքի և քննադատողական մտքի զարգացումը:

- Անշուշտ կարևորում եմ մասնագետի խոսքը: Յուրաքանչյուրն ունի և պետք է ունենա սեփական կարծիք և տեսակետ, բայց եթե դու այդ ոլորտի մասնագետ չես, լավ կլինի, որ կարծիքդ ներսումդ պահես կամ էլ նեղ միջավայրում խոսես, քննարկես:

Այսօր մեզ պետք է առողջ քննադատություն: Աշխատում եմ շատ չլինել լրահոսում, որովհետև այնտեղ բոլորը մասնագետներ են, բոլորն ամեն ինչ գիտեն, և ինչի՞ համար են համալսարանները:

Մարդիկ կորցրել են հարգանքը կրթության նկատմամբ, և կարծես ոչինչ չի հետաքրքրում նրանց: Միշտ փորձում եմ մոռանալ, չհիշել, թողնել ներկա դատարկ իրականությունը և խորամուխ լինել գիտության աշխարհում: Ցանկացած հարցի, խնդրի մասին պետք է խոսել ըստ էության:

Ցավոք, այսօր բուհերը չեն սովորեցնում, չեն ձևավորում մարդու մեջ ինքնուրույն մտածողություն, քննադատական հայացքներ, վերլուծական կարողություններ, բանակցելու հմտություններ, բանավիճելու կարողություններ: Շատ դասախոսներ նույնիսկ պարտադրում են այս կամ այն հարցի, գործի վերաբերյալ այս կամ այն գրողի, խմբագրի, գիտնականի 70-80-ականներին արված վերլուծությունների ճշգրիտ հաղորդումը՝ դրանով իսկ սպանելով մարդու մտածելը: Սրանք էական բաներ են, որոնք պետք է փոխվեն, դա կանի ժամանակը:

- Բոլորս էլ գիտակցում ենք, որ Հայաստանն այժմ լրջագույն ճգնաժամի միջով է անցնում: Ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները:

- Հայը ի վերջո պիտի հասկանա, որ իր ապագան այստեղ է: Գոնե վերջին դեպքերը  պետք է սթափեցնեն հային: «Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով/ Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով/ Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ/ Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ» (Ռ. Պատկանյան)։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո պետք է վերաիմաստավորել ամեն ինչ. հակառակ դեպքում մոտ է կործանումը: Խորհուրդ կտամ կարդալ լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը և պատմությանը նայել այլ դիտանկյունից:

Սպասում եմ ԵՊՀ լավագույն նախաձեռնությանը՝ «Հերոսապատում» հանրագիտարանային շարքի լույսընծայմանը, որում ներկայացվելու են Արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած տղաների կատարած սխրանքները, կենսագրությունը, հուշերը, պատմությունները։

Շուտով նաև լույս կտեսնի իմ առաջին գիրքը, որը ևս նվիրվելու է համալսարանական հերոսներին:

Այժմ պատրաստվում եմ ասպիրանտուրա ընդունվել: Լիահույս եմ, որ հետագայում կդասավանդեմ նաև ԵՊՀ-ում:

- Նմանատիպ ակտիվության մեջ ունենու՞մ եք արդյոք հուսահատության պահեր, տարածաժամանակային պտույտ և մարդկային ո՞ր հատկանիշներին եք ապավինում:

- Բնականաբար, հուսահատության և տխրության պահեր բոլորս ենք ունենում, բայց մեզնից յուրաքանչյուրը տարբեր կերպ է հաղթահարում դա: Ես, սխալ է, բայց շատ եմ մնում ամփոփ այդ վիճակում, կտրված ամեն ինչից, բայց մտածում եմ, որ այդպես գոնե չեմ վարակի բոլորին տխրությամբ և միևնույն ժամանակ ցույց չեմ տա, որ ես նման վիճակում եմ: Ամենատարբեր երևույթներ ինձ կարող են հասցնել հուսահատության, տխրության, բայց ամենաշատը դրանք կապված են զգացմունքների հետ:

Ծրագրել եմ ուսումնասիրել երջանկության մանկավարժություն և հուսամ, որ նման իրավիճակների ճիշտ լուծման տարբերակներ կգտնեմ այնտեղ:

Հաղորդակցման ժամանակ մարդու մեջ ամենաշատն արժևորում եմ անկեղծությունը: Ինձ համար միշտ գերադասելի է լսել ճիշտը: Չեմ սիրում խաղալ մարդկանց զգացմունքների հետ, այսօր, ցավոք, շատերը հենց այս հարցում են ստում:

 

Առանց անկեղծության անհնար է արդյունավետ ներկա և առավել ևս ապագա կառուցել: Առանց անկեղծության ցանկացած կառուցում նման է լինելու ավազների վրա բարձրացած շինության, որ փլվելու է քամու առաջին իսկ հարվածից:

 

Հաճախ հիշում եմ նաև մանկությունս: Այդ բառը լսելիս միշտ ներսումս արթնանում են նալբանդյանական տողերը՝ «Մանկության օրեր, երազի նման/ Անցաք գնացիք, այլ չեք դառնալու/ Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր./ Ընդունակ միայն ուրախացնելու»։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող տալ սրանից լավ ամբողջական ձևակերպում-սահմանում: Շատ եմ ուզում ձգձգվի մանկությունը, հատկապես, մանկության անհոգությունը, այսօր դա եմ շատ կարոտում: Չեմ ուզում պատկերացնել, որ կմտածեմ տարիների մասին, և հոգեհարազատ կդառնան արդեն սահյանական տողերը՝ «Տարինե՜րս, տարինե՜րս/ Ո՞ւր մնացին տարիներս,/ Կանաչ-կարմիր,/ Սև-սպիտակ տարիներս,/ Իմ սառն ու տաք,/ Ծուռ ու շիտակ/ Տարինե՜րս, տարինե՜րս»…:

Անի Պողոսյան