14.09.2011 | 
Կրթություն
ԵՊՀ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՏՐՈՆ
ԵՊՀ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԵՆՏՐՈՆ
Պաշտոնապես մեկնարկեց տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի առաջին դասընթացը:

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում մեկնարկեց Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը: Մագիստրոսական ծրագրին մասնակցող 22 ուսանողներից 11-ը Հայաստանից են, իսկ մնացած 11-ը ժամանել են Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Ռուսաստանից: Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու խորը գիտելիքներ ու գործնական հմտություններ մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման ոլորտում: Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողի գլխավոր խորհրդական Արմեն Բայբուրդյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրապ Մնացականյանը: Հյուրերը նախ շնորհավորեցին ծրագրի ղեկավարներին եւ ուսանողներին բացառիկ նախաձեռնության համար, այնուհետեւ կարեւորեցին մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման սկզբունքների հիմնադրումն ու եվրոպական փորձի կիրառումն այս ոլորտի զարգացման գործում:

 

«Այս իրադարձությունը շատ կարեւոր է, քանի որ տվյալ փորձարարական ծրագիրն առաջին անգամ է իրականացվում նախկին ԽՍՀՄ տարածքում: Սա ապացուցում է, որ ԵՊՀ-ն համաչափ եւ զուգահեռ է քայլում միջազգային ուսուցման մեթոդներին: Ուրախ եմ, որ մի քանի տարի առաջ սկսած աշխատանքն այսօր լուրջ ու գոհացնող արդյունքներ է տվել»,- ասաց Ռաուլ դե Լյուցենբերգերը: Ծրագիրն իրականացվում է Արեւելյան գործընկերության մասնակից չորս պետությունների առաջատար համալսարանների (ԵՊՀ (համակարգող), Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային, Մոլդովայում եվրոպական քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների (USPEE) եւ Բելառուսի պետական համալսարաններ) կողմից: Մագիստրոսական ծրագիրը Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ուկրաինայում Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» ծրագրերից 6-րդն է, որը ներառում է ԵՄ Արեւելյան գործընկերության տարածաշրջանը, իսկ տեւողությունը 3 տարի է: Երեւանում 1 տարի ուսանելուց հետո ուսանողները կարող են իրենց ուսումը շարունակել նշված գործընկեր համալսարաններից մեկում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։