19.10.2010 | 
Կրթություն
«ԳՈՂԱԿԱ՞Ն», ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ. ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ
«ԳՈՂԱԿԱ՞Ն», ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ. ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ
Մասնագետները հավաստում են, որ անչափահասների հանցավորության մակարդակը գնալով աճում է:

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում քննարկման առարկա էին դարձել վերջին երկու տասնամյակում Հայաստանում անչափահասների հանցավորության վիճակը, օրենքների կենսունակությունը եւ վիճակի բարելավմանն ուղղված քայլերի մշակումը: Քննարկման մասնակիցները ներկայացնում էին այդ ոլորտին անմիջականորեն առնչվող կազմակերպություններ`ՀՀ դատախազություն, Ոստիկանություն, Փորձաքննությունների ազգային բյուրո, Արդարադատության, Կրթության եւ գիտության նախարարություններ եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: «Ես տեսնում եմ` ներկա են տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Շատ լավ է, որ ներկայացուցչությունն ապահովված է, քանի որ թեման էլ պետք է հետաքրքրի բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մեր պետության վաղվա օրով: Հանցավորության այսօրվա պատկերը որոշում է ապագայի վիճակը: Այսօր պայքարելով այդ երեւույթների դեմ անչափահասների շրջանում` կկարողանանք ապահովել վաղվա լավ օրը»,- ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Գժեգոժ Միխալսկին հավաքվածներին շնորհավորեց, որ հասել են այն մակարդակին, որ կարողանում են սեփական հասարակությանը նայել քննադատաբար: «Տեղական հասարակական կազմակերպությունները նայում են Հայաստանին` իբրեւ ապագայի երկրի»,- ասում է նա: Համատեղ ուսումնասիրությունները կատարել են ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի կիրառական հետազոտությունների կենտրոնը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնը, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ: Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը ներկայացրեց 1980-2009 թվականներին կատարված հետազոտությունների արդյունքները` «Անչափահասների հանցավորության զարգացման միտումները ՀՀ-ում եւ դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումները» թեմայի շրջանակներում: Նրա հավաստմամբ, այդ ընթացքում մեր երկրում անչափահասների հանցավորությունը երկու անգամ ավելացել է: Տարիքային այդ խմբի հանցավոր գործողությունների մեջ մեծ թիվ են կազմում մարմնական վնասվածքներ հասցնելը, խուլիգանությունը, ինչպես նաեւ գողությունը: Մասնագետները վերլուծությունների միջոցով փորձել են գտնել այն պատճառներն ու խնդիրները, որոնք կարող են հանգեցնել հանցածին վարքի: Ամենակարեւոր գործոններից են ծնողների եւ երեխաների փոխհարաբերությունները, ծնողների զբաղվածությունը, երեխաների հանդեպ վերաբերմունքը, վախը ծնողներից եւ այլն: Դիտարկումները ցույց են տվել, որ դատապարտված 12 անչափահասներից 6-ը նախկինում դատվածություն են ունեցել կամ պայմանականորեն ազատության մեջ են եղել:

 

«Այդ ընթացքում նրանց հետ համապատախան աշխատանք չի իրականացվում: Չեն հետեւում անչափահասին: Նշանակում է` կիրառվող այդ պատժամիջոցը ձեւական բնույթ է կրում»,- պարզաբանում է պարոն Գաբուզյանը: Բնակչության շրջանում հարցումներ են անցկացվել նաեւ անչափահասների շեղվող վարքագծի բացահայտման վերաբերյալ: Քննարկման առարկա դարձան նաեւ անչափահասների արդարադատությունը, օրենքի հետ կապված նրանց խնդիրները: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ բուռն քննարկումները շարունակվեցին մի քանի ժամ: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տվել, որ անչափահասների հանցավորության դեմ պայքարում պետք է ուժեղացնել համագործակցությունը համապատասխան իրավական կառույցների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների եւ ծնողների հետ, հսկողություն սահմանել ժամանցի վայրերում, հատուկ աշխատանք տանել կոնֆլիկտային կամ հակասոցիալական ուղղվածություն ունեցող խմբերի հետ:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: