05.12.2007 | 
ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՓՈՐՁԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՓՈՐՁԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
Կրեդիտային ծրագրի ներդրումը կրթական համակարգ բավականին բարդ գործընթաց է, որի արդյունքները կերեւան միայն 4-5 տարի հետո:
Այսօր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում գործող ուսանողներից բաղկացած «Արեւելագետների ակումբի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր կրեդիտային համակարգի վերաբերյալ քննարկում, որի ընթացքում տարբեր ֆակուլտետների ուսանողների հարցերին պատասխանեցին Համալսարանական կրթության զարգացման վարչության պետ, Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Սամվել Կարաբեկյանը եւ Իրանագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահե Բոյաջյանը: «Մեր ակումբը գործում է արդեն երկու ամիս: Պարբերաբար քննարկումներ ենք անցկացնում ուսանողներին հուզող հարցերի շուրջ: Այս անգամ մեր ընտրությունը կանգնեց կրեդիտային համակարգի վրա, քանի որ այն բավականին ակտուալ է եւ ուսանողների ուշադրության կենտրոնում է»,- ասաց ակումբի նախագահ Արթուր Հաբեշյանը: Քննարկումը բավականին բուռն անցավ: Սամվել Կարաբեկյանը նախ խոսեց կրեդիտային համակարգի ծագման, զարգացման, ներդրման եւ ընդհանրապես անհրաժեշտության մասին, հետո էլ ներակայացրեց համակարգի կառուցվածքի եւ ընթացակարգի վերաբերյալ որոշ մանրամասներ: «Ամենակարեւորն այն է, որ ուսանողը պետք է հստակ պատկերացնի իր պարտականություններն ու իրավուքնները: Այս համակարգում ուսանողը պատվիրատու է եւ պետք է կարողանա իր իրավունքների սահմաններում պահանջել եւ հետեւել իր պատվիրած ծրագրի իրականացման գործընթացին»,- նշեց Սամվել Կարաբեկյանը: Լսարանը շատ ակտիվ էր եւ բազում հարցեր էր ուղղում բանախոսներին: Քննարկումը տեւեց մոտ մեկ ու կես ժամ, սակայն դա նույնպես բավարար չեղավ լիարժեք տեղեկություն ստանալու համակարգի մասին: Շատ հարցադրումներ սպառիչ պատասխաններ չստացան, իսկ որոշներն էլ մնացին անպատասխան: Միջոցառման վերջում ուսանողներն Արթուր Հաբեշյանին առաջարկեցին թեմայի շուրջ սեմինարներ կազմակերպել, որոնց կմասնակցեն նաեւ դասախոսները: Սամվել Կարաբեկյանի հավաստմամբ` նման քննարկումներ են անցկացվել նաեւ ԵՊՀ Տնտեսագիտության, Ռոմանագերմանական բանասիրության եւ Ռուս բանասիրության ֆակուլտետներում: