04.12.2020 | 
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՐԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՐԸ
ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից Հարավային Կովկասի փորձագետ, ‹‹Gebert Rüf›› հիմնադրամի նախկին տնօրեն Ֆիլիպ Էգերը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Լեռնայի Ղարաբաղի կոնֆլիկտում Շվեյցարիայի ընտրած սխալ առաջնահերթություններին:

Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ մղված պատերազմն առաջացրել է զգուշավոր արձագանքներ արտերկրում:

Այս կեցվածքը մի կողմից ձևավորվում է՝ ելնելով տնտեսական նկատառումներից: Շվեյցարիան նույնպես սխալ առաջնահերթություններ է ընտրել:

Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի, ինչպես ինքն իրեն անվանում է միջազգայնորեն չճանաչված այս հանրապետությունը, հակամարտության մասին տեղեկատվությունը ու գնահատականներն էականորեն ազդված են ադրբեջանա-թուրքական քարոզչությամբ:

Վերջինս հնչեցնում է սպառնալիքներ այն մարդկանց հասցեին, որոնք կասկածի տակ են դնումԱդրբեջանի տարածքային պահանջը հայերի նկատմամբ:

Մամուլի ազատության վրա կատարվող հարձակումները նույնպես այդ մարտավարության մի մաս են կազմում: Լրագրողներին վախեցնում են ու ներառում «սև» ցուցակներում: 2019 թ․ «NZZ am Sonntag»-ի վերնագրերից մեկն է՝ «Ադրբեջանը գործողություններ է ձեռնարկում շվեյցարացի լրագրողների դեմ»։

Ազդեցիկության և սպառնալիքների համադրությունը լրատվամիջոցների դեպքում բավականին արդյունավետ է աշխատում, իսկ տնտեսական նկատառումներից ելնելով՝ ձևավորվում է միակողմանի քաղաքականություն:


Ադրբեջանը Շվեյցարիայի ամենակարևոր առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում և նավթի խոշոր մատակարարն է:

Արտաքին գործերի վարչությունն իր կայքում բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները և նշել, որ Շվեյցարիան կարևորում է Ադրբեջանում «լավ կառավարման խթանումը»:

Այս առումով, իրոք, շատ անելիքներ կան. Ադրբեջանը կոռումպացված, ժառանգականորեն փոխանցվող բռնապետություն է, որը ոտնահարում է քաղաքացիական և մարդու իրավունքները:

Ամերիկյան հայտնի հետազոտական կենտրոն ‹‹Freedom House››-ն Ադրբեջանին շնորհել է ժողովրդավարության 100 միավորից 10-ը, իսկ Թուրքիային՝ ամոթալի 32 միավորը, և կա այս ցուցանիշի անկման միտում: Հետևաբար, երկու երկրներն էլ պատկանում են «ոչ ազատ» երկրների շարքին՝ ի տարբերություն Հայաստանի (53) և Արցախի (34), որոնք նկարագրվում են որպես «մասամբ ազատ», այս ցուցանիշը միտում ունի բարձրանալու:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի էներգետիկ պետական ընկերության՝ ‹‹Socar››-ի հետ համագործակցությունը բնորոշել է որպես տեխնիկական և տնտեսական համագործակցության վառ օրինակ:

Շվեյցարիան իր ամոթալի ռազմատենչությամբ գրավել է միջազգային հանրության ուշադրությունը:

Արտաքին գործերի նախարարությանը պատկանող զարգացման և համագործակցության վարչությունը (SDA) տարեկան միլիոններով աջակցում է Ադրբեջանին:

 Այս կերպ շվեյցարացի հարկատուներն Ադրբեջանում խթանում են «տեղական արվեստը և մշակույթը», «կանանց հզորացումը տնտեսապես», «ավելի լավ հանրային ծառայություններն ու կառավարումը»: Լինելով նավթ արդյունահանող պետություն՝ Ադրբեջանը հսկայական հարստություն է կուտակել, հատկապես Շվեյցարիա կատարած առաքումներով:

 Սեփական տնտեսությունն ու քաղաքացիական հասարակությունը զարգացնելու փոխարեն Ադրբեջանն այդ փողերը դնում է կլեպտոկրատիայի գրպանները և ներդրում կատարում զենք գնելու համար, որով այժմ ավերվում է Լեռնային Ղարաբաղը: Նա, ով հրապարակայնորեն քննադատության է ենթարկում ադրբեջանական իշխանություններին, լավագույն դեպքում, անհետանում է ճաղերի հետևում:

Դեռևս ոչինչ հայտնի չէ Ադրբեջանում Շվեյցարիայի ջանքերով իրականացվող «Լավ կառավարման խթանման» գործընթացի արդյունքների մասին:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի կոնֆլիկտին, ապա Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը վարում է բովանդակային և հայեցակարգային այնպիսի քաղաքականություն, որը ցանկալի է Ադրբեջանին:

 Բեռնում Ադրբեջանի դեսպանատունը կանոնակարգված վկայակոչում է «Շվեյցարիայի կառավարության դիրքորոշումը»՝ Ղարաբաղ կատարված ուղևորությունները բնորոշելով որպես «անբարյացակամ գործողություն» Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ: Այս պահին այնտեղ ընթացող պատերազմի մասին Արտաքին գործերի նախարարությունը կարող է միայն (նոյեմբերի 9-ի դրությամբ) արձանագրել, որ «Մարտերը (...) պարբերաբար հանգեցնում են երկու կողմերի զինվորների մահվան և վիրավորների»:

Իրականում ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ոչնչացման պատերազմն արդեն իսկ խլել է հազարավոր մարդկանց կյանքեր, ավերել տարածքներ, ֆոսֆորի ռումբերով այրվել են անտառային տարածքները, և հողին հավասարեցվել անթիվ բնակավայրեր:

Ընդհանուր առմամբ պաշտոնական Շվեյցարիան ցույց է տալիս, որ ակնհայտորեն փորձում է «փայլեցնել» Բաքվի կոռումպացված և ավտոկրատական ռեժիմի հեղինակությունը:

Մինչդեռ սերտ տնտեսական համագործակցությունը պարտադիր չէ, որ հանգեցնի համապատասխանության ամեն հարցում:

Ընդհակառակն այս ամենը պետք է ստեղծեր ամուր հիմք ազատության և օրենքի գերակայության քարոզչության համար:

Դաշնային խորհուրդը մոտ երկու տարի առաջ կասեցրեց Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը՝ թուրքական բանակի կողմից Սիրիա մտնելու պատճառով, ինչն ուժեղ ազդակ էր արտաքին քաղաքականության մեջ:

Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիան շարունակում է ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Միջերկրական ծովում, իսկ այժմ՝ Հարավային Կովկասում:

Պանթուրքիզմով տառապող Էրդողանի օրոք այն անցավ ամեն տեսակի չափ ու սահման:

Իր աշխարհաքաղաքական նշանակությունն ընդլայնելու համար այն խախտում է միջազգային պայմանագրերը, ոտնահարում է ծովի օրենքը, հանդես գալիս որպես պատերազմի մարտիկ և ծաղրում եվրոպական ժողովրդավարական երկրներին:

Այժմ Շվեյցարիան ցանկանում է վավերացնել ազատ առևտրի համաձայնագիրը Թուրքիայի հետ, մինչդեռ մյուս պետությունները քննարկում են տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Թուրքիայի համար քաղաքական և հեղինակության օգուտները շատ ավելի բարձր են, քան Շվեյցարիայի համար տնտեսական օգուտները:

Որտեղի՞ց այդ շտապողականությունը, այն դեպքում, երբ գարնանն արտաքին գործերի վարչությունը հայտարարեց, որ այս գործը «չի շտապում»:

Անի Պողոսյան