06.12.2007 | 
ԿԱՍՍԻՆԵԼԼԻՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ԿԱՍՍԻՆԵԼԼԻՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
Այսօր համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին:
Տիկնոջ` Պաոլա Կատանձանոյի ուղեկցությամբ համալսարան այցելած դեսպանը եղավ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում` իտալերեն լեզվի լսարանում: Իտալերենի սեկցիայում տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որին մասնակցեցին նաեւ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը, ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանը, իտալերենի դասախոս Պատրիցիա Բասսին, իտալերենի սեկցիայի դասախոսներ, ուսանողներ: Ողջույնից հետո ծավալված զրույցում հատկապես կարեւորվեց ԵՊՀ-ում իտալերենի դասավանդման հեռանկարներին վերաբերող թեման: Դեսպանի խնդրանքով` ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես հայտարարեց 2008-2009 ուս. տարվանից սկսած իտալերեն` որպես առաջին մասնագիտական լեզու ուսուցման մասին: Հանդիպումը շարունակվեց դեկանի աշխատասենյակում, որտեղ ավելի մանրամասն քննարկվեցին վերոհիշյալ հարցերը, ինչպես նաեւ խոսվեց համալսարանի, դեսպանատան եւ այլ իտալական հաստատություններ միջեւ արդյունավետ համագործակցության հեռանկարների մասին: