04.02.2008 | 
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ. ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅԱՑՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ. ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅԱՑՔԸ
Լույս է տեսել ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի «Հայաստան-ԱՄՆ. իրականություն եւ հայացք ապագային» գիրքը:
Այն նվիրված է հայ –ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 15-ամյակին, թեեւ պետք է լույս տեսներ ավելի վաղ` 2007-ի հունվարին: Գիրքը ձեռնարկ է ուսանողների, պատմաբանների, քաղաքագետների եւ երիտասարդ դիվանագետների համար: Այստեղ ամփոփված է 1999-2005 թվականների հայոց նորագույն պատմությունը` այդ ընթացքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները, որոնք հայ-ամերիկյան հարաբերությունների արտացոլումն են: Իհարկե, չեն անտեսվել նաեւ մեր տարածաշրջանում` այդ ժամանակահատվածի ամենաէական դեպքերը: Փետրվարի 4-ին ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան-ԱՄՆ» գրքի շնորհանդեսը: Գիրքը բաղկացած է 1999-2005 թթ-ին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ելույթներից, որոնցով նա հանդես է եկել ԱՄՆ տարբեր բուհերում, գիտաքաղաքական հաստատություններում: «Շատ կարեւոր է, որ այս գիրքը հրատարակում է ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնը, որի հետ համագործակցում ենք: Հենց այս կենտրոնն էլ տնօրինելու է գրքի տարածումն ու վաճառքը»,- ասաց փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Գիրքը անգլերեն է: Հեղինակը նշեց, որ ելույթների բնօրինակները հենց այդ լեզվով են, ու մեր ուսանողներն էլ, հատկապես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորողները, շատ լավ են տիրապետում անգլերենին: Ծրագրված է առաջիկայում թարգմանել եւ լույս ընծայել «Հայաստան-ԱՄՆ» դիվանագիտական ձեռնարկի հայերեն տարբերակը: «Այս նոր հրապարակումը գալիս է լրացնելու այն կարեւորագույն ոլորտը, որ կոչվում է դիվանագիտություն: Իսկ մեզ նման նորանկախ երկրի համար սա երիտասարդ գիտությունն է: Այս ժողովածուով ամփոփվում ու խտացվում են հայ-ամերիկյան հարաբերությունները: Լինելով ԱՄՆ երկրորդ դեսպանը եւ 5 տարի աշխատելով այդ պաշտոնում` Արման Կիրակոսյանն ընդգծել է բոլոր այն հարցադրումները, որոնք մեր քաղաքականության անկյունաքարերն են ու ներկայացված են այս ձեռնարկում»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Իսկ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել գրքի հրատարակման գործին, հիացած է պարոն փոխնախարարի աշխատասիրությամբ. «Պրակտիկ աշխատանքը նա մշտապես զուգորդել է գիտական գործունեության հետ: Նրա մատը միշտ իրադարձությունների զարկերակին է: Այն փորձը, որ նա կուտակել է իր գործունեության ընթացքում, պարոն Կիրակոսյանը կարողանում է անմիջապես հանձնել թղթին` կիսելով ընթերցողի ու մասնագետների հետ»: