25.05.2009 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆ Է
Մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի նախագահ Ստյեփան Մեսիչն այցելեց ԵՊՀ:

Մինչ նախագահի ելույթը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց Ստյեփան Մեսիչին եւ շնորհակալություն հայտնեց համալսարանականներին հանդիպելու համար եւ համառոտ ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, իրականացված կրթական բարեփոխումները եւ դրանց արդյունքները:

 

Այնուհետեւ ռեկտորը, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, Ս. Մեսիչին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում եւ հանձնեց ԵՊՀ Ոսկե հուշամեդալը: «Մենք կարեւորում ենք Խորվաթիայի հետ կրթական, գիտական, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը մշակութային ոլորտում եւ հույս հայտնում, որ նմանաբնույթ այցելությունները շարունակական բնույթ կկրեն:

 

Վստահ ենք, որ Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ սկիզբ առնող բարեկամական եւ ճանաչողական հարաբերությունները հետագայում կտեղափոխվեն ավելի բարձր մակարդակ, ինչի արդյունքում երկու երկրների միջեւ փոխշահավետ սերտ համագործակցություն կծավալվի»,- ասաց Արամ Սիմոնյանը: Խորվաթիայի նախագահը շնորհակալություն հայտնեց համալսարանականներին ջերմ ընդունելության համար եւ հավելեց, որ ինքը Խորվաթիայի 1-ին նախագահն է, ով պատիվ է ունեցել այցելել Հայաստան, ուստի այս այցելությունն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում:

 

Այնուհետեւ Ստյեփան Մեսիչը ներկաներին համառոտ ներկայացրեց անկախ Խորվաթիայի կայացման պատմական որոշ առանցքներ, պատմեց ներկայումս տարվող քաղաքականության եւ երկրի հետագա ծրագրերի մասին: «Կարծում եմ` մինչ պետությունների մինջեւ որեւէ լուրջ համագործակցության ուղիներ մշակելը, նախ եւ առաջ պետք է ճանաչել միմյանց, պատկերացում կազմել երկրի անցած ճանապարհի, ինչպես նաեւ քաղաքական դիրքորոշումների մասին: Ես հույս ունեմ, որ մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերություններ կհաստատվեն, որոնք հետզհետե ավելի գործնական բնույթ կստանան: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն պետությունների հետ, ովքեր պատրաստակամություն կհայտնեն կապեր հաստատել մեզ հետ:

 

Ուրախ ենք, որ Հայաստանն այդ երկրների շարքում է, քանի որ մեզ համար նույնպես կարեւոր է այս համագործակցությունը»,- ասաց Ս. Մեսիչը: Ելույթից հետո ուսանողները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու հյուրին: ԵՊՀ ՈՒԽ ներկայացուցիչների հարցերը հիմնականում վերաբերում էին կրթական, ինչպես նաեւ քաղաքական ոլորտներում ուսանողական կառույցների դերին ու նշանակությանը: Հարցեր հնչեցին նաեւ Խորվաթիայի կառավարության քաղաքական եւ տնտեսական դիրքորոշումների եւ նախաձեռնությունների վերաբերյալ: Հանդիպման ավարտին նախագահ Ստյեփան Մեսիչը եւ ռեկտոր Արամ Սիմոնյանը միմյանց հուշանվերներ հանձնեցին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից: