27.06.2008 | 
ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՊՀ-ՈւՄ
ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՊՀ-ՈւՄ
Հունիսի 27-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոյին:
Հանդիպումը կազմակերպվել էր հունիսի 23-ից 29-ը Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ժոռնալիստիկայի եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները: Ժան-Ֆրանսուա Բյուրոն հանդես եկավ փոքրիկ դասախոսությամբ, որը նվիրված էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին, դրանցով պայմանավորված մի շարք` նոր խնդիրներին եւ դրանց լուծմանն ուղղված ՆԱՏՕ-ի մշակած քաղաքականությանը: «Աշխարհի առջեւ ծառացած նոր խնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումներ: Այս դեպքում, հասարակության աջակցությունից բացի, խիստ կարեւորվում է մեր վարած քաղաքականության լիարժեք ընկալումը հասարակության կողմից: Նոր սպառնալիքները հասկանալու ու դրանց կանխարգելման նոր քաղաքականության իրականացումը մենք կապում ենք հատկապես գալիք սերնդի հետ, ձեր սերնդի»,- ուսանողության դերը կարեւորեց ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Ժան-Ֆրանսուա Բյուրոն: Դասախոսությունից հետո ուսանողներն ու լրագրողները հարցեր տալու հնարավորություն ստացան: Հյուրերի թվում էր նաեւ ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, ով հնչած մի շարք հարցերի շուրջ ներկայացրեց նաեւ Հայաստանի տեսակետը: