Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Հանրային հեռուստատեսության լուրերի մեկնաբան եւ «Հայլուր» լրատվական հաղորդման պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը խոսեց զարգացող ու փոփոխվող աշխարհում հեռուստատեսության առջեւ դրված խնդիրների մասին:
Նրա կարծիքով` երկար ու հետեւողական աշխատանք է պահանջվում հասկանալու համար, թե ինչ պահանջներ ունի հայկական լսարանը, եւ մատուցման ինչպիսի ձեւեր պետք է ընտրել նրա պահանջները բավարարելու համար: Ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչու է նրան ավելի գրավում ժուռնալիստիկայի արեւմտյան մոդելը: Նա ասում է, որ անգամ արեւելյան խոշոր լրատվամիջոցներում (օր.`«Ալ Ջազիրա») աշխատում են ամերիկացիները, այսինքն` որակական լուրջ տարբերություններ չկան:
Ռուսական ժուռնալիստիկան ավելի շատ տեղեկացված լսարանի համար է, իսկ արեւմտյանը ամեն ինչ մատուցում է շատ ավելի մատչելի, հասկանալի մեթոդներով: Նա ապագա լրագրողներին խորհուրդներ տվեց, կիսվեց նաեւ իր փորձով: Հատկապես հորդորեց լինել բանիմաց եւ կարողանալ համատեղել հաճելին օգտակարի հետ, այսինքն`որակյալ լրագրությունը գումար վաստակելու հետ: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր հեռուստատեսության մեծագույն մրցակիցներից են:
21-րդ դարի հեռուստալրագրողը պետք է կարողանա դրանք կիրառել ի նպաստ իր բնագավառի զարգացման: Ուսանողները նաեւ հետաքրքրվեցին, թե, ըստ նրա, ինչու մեզ մոտ չկան լավ մեկնաբաններ ու վերլուծաբաններ: «Վերլուծաբանի դպրոց չկա, որովհետեւ չկան գրագետ մեկնաբաններ: Պետությունը ներդրումներ չի անում այս ոլորտում, մինչդեռ ԱՄՆ-ում կա հատուկ պետպատվեր այս ոլորտի մեկնաբաններ պատրաստելու համար»,- ասում է Արտակ Ալեքսանյանը: