29.01.2020 | 
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊՐՆ. Ն.Գ. ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊՐՆ. Ն.Գ. ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ն.Գ. Թիմուր Ուրազաևին:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Ամիսներ առաջ ԵՊՀ այցելած Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի, տպավորված էր կենտրոնի գործունեությամբ և գիտական ներուժով ու կենտրոնին ժամանակակից սարքավորումներ է նվիրել՝ խելացի գրատախտակ, համակարգիչներ, բազմագործառույթ տպիչ սարք՝ կենտրոնում ծավալվող ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Հանդիպման սկզբում Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհակալություն հայտնեց նվիրած սարքերի համար, ապա հյուրերին պատմեց կենտրոնի՝ հայ-ղազախական մշակութային և գիտական կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքների մասին:

Ալեքսանդր Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանությանը կենտրոնի կարևորագույն նախագծերը կյանքի կոչելու ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար:

 

Նրա խոսքով, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Թիմուր Ուրազաևը պատրաստակամություն է հայտնել ամեն հարցում աջակցելու ղազախական գրականության հիմնարար անթոլոգիայի ստեղծման գիտական խմբին և կարևոր դեր է ունեցել անթոլոգիայի ստեղծման գործընթացում:

«Շնորհիվ այս աջակցության՝ անցած տարի հայերենով լույս տեսած ղազախական գրականության հիմնարար անթոլոգիան բարձր գնահատականի է արժանացել ինչպես հայ, այնպես էլ ղազախական, այդ թվում նաև գրական հանրության կողմից»,- հպարտությամբ նշեց Ալեքսանդր Սաֆարյանը:

Ամբիոնի վարիչն անդրադարձավ նաև ԵՊՀ-ի և Աստանայի Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի թյուրքագետների միջև համագործակցության ծրագրերին և ասաց, որ ԵՊՀ-ի և Ղազախստանի դեսպանության, հայտնի համալսարանների հետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և՛ գրականագիտական, և՛ պատմական ոլորտներում:

 ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը նույնպես շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի և կենտրոնում ծավալվող գիտահետազոտական գործունեության համար և նշեց, որ կենտրոնի գործունեությամբ տպավորված է եղել նաև Դարիգա Նազարբաևան:

 

Դեսպանն անդրադարձավ նաև ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևի ծննդյան արարողություններին՝ փաստելով, որ Աբայ Կունանբաևը բացառիկ է նրանով, որ կարողացել է բարդ փիլիսոփայական գաղափարները հասկանալի ձևակերպումներով հասանելի դարձնել պարզ մարդկանց:

«Տարբեր երկրների մշակույթի իմացությունը շատ կարևոր է ժամանակակից մարդու համար,-նշեց պարոն դեսպանը,- եթե դու չես հարգում դիմացինի մշակույթը, չես կարող պահանջել, որ նա հարգի քոնը»:

Վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց հայ մասնագետներին ղազախական լեզվի, գրականության և մշակույթի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և կենտրոնին նվիրեց ղազախերեն բառարաններ՝ հույս հայտնելով, որ կենտրոնում տեղ գտած գրականության ցանկը հարստանալու միտում կունենա:

Ղազախ գործընկերներին ողջունեց նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը և շնորհակալություն հայտնեց դեսպանին ցուցաբերած ուշադրության համար:

Պարոն Գևորգյանն իր խոսքում նշեց, որ կենտրոնը կվերանվանվի ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվամբ, որի ծննդյան 175-ամյակն այս տարի մեծ շուքով նշվելու է Ղազախստանում: