27.10.2010 | 
Կրթություն
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄՐՑՈՒՆԱԿ ԿԱԴՐԵՐ
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄՐՑՈՒՆԱԿ ԿԱԴՐԵՐ
ԵՊՀ 19 շրջանավարտներ այսօր իրենց դիպլոմներն ու հավաստագրերը ստացան «Սինոփսիս Արմենիայի» գրասենյակում:

Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության եւ Երեւանի պետական համալսարանի կողմից անցկացվող համատեղ ճարտարագիտական կրթության ուսումնական ծրագրի շրջանակներում ԵՊՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի 19 շրջանավարտներն այսօր հանդիսավոր պայմաններում ստացան իրենց դիպլոմներն ու հավաստագրերը: Ընդհանուր թվով 122 շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին «Սինոփսիսի» նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ ՀՊՃՀ (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Հանձնելով դիպլոմները ԵՊՀ 19 շրջանավարտներին` Արամ Սիմոնյանը նրանց հաջողակ կարիերա ցանկացավ, ինչը շատ հաճախ իրականություն է դառնում հենց այս ընկերությունում: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Արմեն Դուրգարյանը, ով այս ծրագրի շրջանավարտներից մեկն է, արդեն մեկուկես տարի է` որպես ճարտարագետ աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում: Նրա կարծիքով` ուսումնական համատեղ այս ծրագրի շնորհիվ ուսանողները աշխատանքային փորձ են ձեռք բերում դեռեւս ուսումնառության ընթացքում, ինչը հետագայում լավ աշխատանք գտնելու հիմնական երաշխիքն է: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի մեկ այլ շրջանավարտ` Արտակ Եղիազարյանը, ծրագրի հիմնական առավելությունը համարում է այն, որ ուսանողներն աշխատում են այս ոլորտում ամենավերջին արտադրության գործիքներով ու սարքավորումներով:

 

«Հայաստանի զարգացող բարձր տեխնոլոգիաների արտադրության համար ճարտարագետներ կրթելու նպատակով մենք շարունակաբար մեծ ծավալի ներդրումներ ենք կատարում` աջակցելով Հայաստանում կրթական ծրագրի զարգացմանը: Նախորդ վեց տարիներին Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ոլորտի համար ավելի քան 500 որակյալ եւ արտադրությունում աշխատելու պատրաստ ճարտարագետ ենք կրթել մեր գործընկեր համալսարանների հետ»,- ասում է դոկտոր Չանը:- «Նրանցից շատերն այժմ աշխատում են «Սինոփսիս Արմենիայում» կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական այլ կազմակերպություններում եւ իրենց արժեքավոր ներդրումն են բերում Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի նախագծման արտադրության մեջ»: «Մեր համալսարանական ծրագրի օգնությամբ Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների շարքում բավականին առաջ է, ինչը Հայաստանին մրցակցային առավելություններ է տրամադրում: Մյուս երկրները դեռ նոր սկսում են կրկնօրինակել հայկական մոդելը»,- ասում է «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն եւ «Սինոփսիս ընկերության»` մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: «Սինոփսիս» ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման եւ ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության եւ արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն եւ նախագծման ծառայություններ: Հայաստանում այն իր գործունեությունը սկսել է 2004 թվականից` ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները որպես երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: