16.05.2011 | 
Կրթություն
ՆՈՐ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ՆՈՐ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 7 ուսանողներ Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից կստանան 10.000-ական դրամ կրթաթոշակ:

Մայիսի 13-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին: Այն կազմակերպել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Մշակույթի կենտրոնն ու Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը: ««Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամն աննախադեպ մի առաջարկով է հանդես եկել, որը ողջունել է ԵՊՀ ռեկտորատը, եւ հիմա գոհունակությամբ պետք է փաստել, որ նոր ուսումնական տարվանից հիմնադրամի կողմից երկու անվանական կրթաթոշակ է հատկացվելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետին, իսկ 2012 թ. հունվարի 1-ից այդ կրթաթոշակների թիվը հինգով ավելանալու է»,- նշեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

 

Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը ներկայացրեց, թե ինչպես են ընտրվելու այն 5 ուսանողները, ովքեր հունվարից անվանական կրթաթոշակ են ստանալու: Կազմակերպվելու է «Նամակ Ռալֆ Յիրիկյանին» խորագրով մրցանակաբաշխություն, որի ընթացքում ուսանողները պետք է գրեն նամակ (1-3 էջ), թե ինչ են մտածում Ռալֆ Յիրիկյանի, նրա կերպարի եւ գործունեության մասին: Ըստ հիմնադրամի նախագահի` լավագույն 5 նամակների հեղինակները կստանան վերոհիշյալ կրթաթոշակները, իսկ 50 հոգի կարժանանա անվանական նվերների: «Այս տարի Նանսենի 150-ամյակի առթիվ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, եւ պետք է անցկացվեն 25 միջոցառումներ: Վերջինը լինելու է նոյեմբերի 9-ին, որին կմասնակցի Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը»,- տեղեկացրեց պարոն Բախչինյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը հայ ժողովրդի պատմության մեջ, հնչեցին ինչպես նրա, այնպես էլ հայ գրողների` Նանսենի մեծ գործին նվիրված խոսքերը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։