25.09.2009 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալել էր հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Այս տարի լրանում է ԵՊՀ-ի հիմնադրման 90-ամյակը: Հոբելյանական ողջ տարվա ընթացքում անցկացվել եւ շարունակվում են անցկացվել բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ: Սակայն Մայր բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող հիմնական միջոցառումները կանցկացվեն ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը:

 

Ասուլիսի ժամանակ ԵՊՀ ռեկտորը ամփոփեց հոբելյանական տարին, լրագրողներին տեղեկացրեց մանրամասներ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, ներկայացրեց հոբելյանական տարվա շրջանակում հրատարակված գրքերի մի մասը: Մեկ շաբաթ շարունակ համալսարանականներն ու ԵՊՀ հյուրերը կմասնակցեն բազմաբնույթ միջոցառումների` գրքերի շնորհանդես, ԵՊՀ պատմության թանգարանի նոր ցուցադրության բացում, համալսարանական եւ պետական պարգեւների հանձնման արարողություն, միջազգային գիտաժողով եւ այլ մեծ ու փոքր արարողություններ:

 

Միջոցառումների շարքը կամփոփի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվող մեծ հանդիսությունը: Համալսարանական պատվիրակությունն ու արտասահմանյան հյուրերը միջոցառմանը մասնակցելու համար ԵՊՀ-ից Ակադեմիական թատրոն կգնան ոտքով: Աննախադեպ երթի մասնակիցներից յուրաքանչյուրը կկրի եվրոպական ավանդական հանդերձանք` մանտիա (հանդիսավոր արարողությունների համար նախատեսված հատուկ պատմուճան): «90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, տեղի հյուրերից բացի, համալսարանը հյուրընկալելու է շուրջ 15 երկրների ավելի քան 50 ներկայացուցիչների: Նախատեսված ծրագրի համաձայն` արտասահմանյան հյուրերը ոչ միայն կմասնակցեն միջոցառումներին, այլեւ կծանոթանան Հայաստանի գեղատեսիլ վայրերին»,- տեղեկացրեց ԵՊՀ ռեկտորը: Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ արտասահմանյան հյուրերի մի մասը Հայաստանում կմնա նաեւ միջոցառումներից հետո: Նրանց հետ շփումը կշարունակվի անհատական ծրագրերի տեսքով: Պատասխանելով լրագրողների հարցերին` Արամ Սիմոնյանը խոսեց 90-ամյա կրթօջախի այսօրվա խնդիրների եւ վաղվա ծրագրերի մասին: Ռեկտորն առանձնացրեց բուհի առջեւ ծառացած 4 հիմնական խնդիր: Դրանցից առաջինը, ըստ բանախոսի, ֆինանսական միջոցների անբավարար լինելն է, երկրորդը` կրթության որակի բարելավման հարցը:

 

«Համալսարանի համար այսօր խիստ կարեւոր է նաեւ գիտահետազոտական աշխատանքները հնարավորինս կյանքին մոտեցնելը: ԵՊՀ-ն պետք է ամեն ինչ անի, որ դրանք լինեն ոչ միայն տեսական եւ մեթոդական, այլեւ կիրառական ոլորտում: Հիմնական խնդիրների շարքում է նաեւ երիտասարդ կադրերի հարցը. մեր կադրային պարկը ծերացած է եւ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն համալսարանական, այլեւ պետական լուրջ ծրագիր»,- ասաց Արամ Սիմոնյանը: 90-ամյա համալսարանի ռեկտորը տեղեկացրեց, որ այսօր արվում է ամեն հնարավորը, որպեսզի Երեւանի պետական համալսարանը 25 տարի անց լինի համաշխարհային մակարդակի գլոբալ հետազոտական համալսարան:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԻ «ԹԱՓՈՆՆԵՐԻՑ` ԿԵՆՍԱՋՐԱԾԻՆ» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցել է «UNDP Armenia’s ImpactAIM»-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «ISTC - Innovative Solutions and Technologies Center Foundation»-ի կողմից կազմակերպված «Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրին, ներկայացրել «Թափոններից`կենսաջրածին» ստարտափ նախագիծը և դարձել մրցանակակիր:
 ՀԽ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ներողություն է խնդրում գործընկերներից՝ Հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստի չեղարկման վերաբերյալ նախօրոք չտեղեկացնելու համար: