01.10.2007 | 
Մշակույթ
ՆԱՅՈՒՄ Է ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻՆ ԵՎ ՆԿԱՐՈՒՄ ՍԵՎԱՆ
ՆԱՅՈՒՄ Է ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎԻՆ ԵՎ ՆԿԱՐՈՒՄ ՍԵՎԱՆ
«Հուզվեցի, երբ Կիեւում իմ ելույթից հետո կենաց ասացին այն հայ հողի համար, որը ծնել է այսպիսի տենոր»:

Տենորը աշխարհռչակ օպերային երգիչ հայազգի Վահրամ Թադեւոսյանն էր` Վաննո Տադեոն, ով այսօր հյուրընկալվեց ԵՊՀ-ում: ՀՀ անկախությանը նվիրված
մենահամերգով Հայաստան ժամանած երգչին հրավիրել էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի ներկայացուցիչները: 

«Մեր ֆակուլտետում միշտ լուրջ բացթողում է եղել մշակույթից հեռու գտնվելը,- ասաց տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Կառլեն Խաչատրյանը,- այս հանդիպումից հետո մենք ամեն ինչ կանենք, որ գոնե կիսամյակը երկու անգամ հյուրընկալենք նման արվեստագետների»:

Սա Վ. Թադեւոսյանի առաջին հանդիպումը չէ Մայր բուհի հետ: Մեկ անգամ արդեն նրան ջերմ ընդունել են 1994թ-ին: Համալսարանի 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ նրա անդրանիկ քայլերին բարձր գնահատական են տվել ԵՊՀ դասախոսները եւ ուսանողները` ելույթն ընդունելով հոտնկայս ծափահարություններով: 

1996թ-ին Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հովանավորությամբ` նա մեկնել է մասնակցելու Ֆ. Վինիասի անվան միջազգային մրցույթին, որտեղ ստացել է դիպլոմ եւ Վերդիի անվան մրցանակ: Դրանից հետո ստեղծվել են կապեր այլ երկրների մշակութային գործիչների հետ, եւ հայ տենորը տաղանդավոր շատ հայ երգիչների նման հայտնվել է արտասահմանում: Նա արդեն 7 տարի է, ինչ բնակվում է Իսպանիայում:

Վ. Թադեւոսյանը լուրջ երգարվեստով զբաղվել է ավելի մեծ տարիքում, քանի որ նրա հայրը` անվանի նկարիչ Լեւոն Թադեւոսյանը, ցանկացել է, որ որդին լինի իր գործի իրավահաջորդը: Իսկ նրանց ընտանիքի բարեկամ, հոգեւոր երգերի հայտնի կատարող Լուսինե Զաքարյանը գնահատել է Վահրամին որպես երգիչ: Թերլեմզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո նա հասկացել է, որ նկարչական գույները պետք է կիրառի այլ ասպարեզում:

«Հայրս ուզում էր որ գերազանցեի իրեն, բայց ես մի օր նրան ասացի, որ ընտանիքից թող միայն մեկը նկարիչ դառնա: Սկզբում իհարկե չընդունեց, բայց առաջին հաջողությունների ժամանակ ամենաշատն ինքն էր ուրախանում»,- ուսանողների հետ զրույցի ժամանակ հիշեց Վ. Թադեւոսյանը:

Այսօր օպերային երգիչը բուռն երգարվեստով զբաղվելուն զուգահեռ, երբ մեկ-երկու ամիս հանգստի ժամանակ է ունենում, վերցնում է վրձինն ու գունաներկերը, նայում է Միջերկրական ծովին ու նկարում է Սեւան: Ի դեպ նա ունեում է նաեւ ցուցահանդեսներ Իսպանիայի հայկական պատկերասրահում: 

Հանդիպման ավարտին ուսանողներից մեկը խնդրեց նրան տալ ժամանակակից հանճարի ձեւակերպումը. «Չեմ կարող ասել կոնկրետ բանաձեւ, բայց հաստատ գիտեմ, որ միայն դասական արժեքների մեջ լինելով կարելի է հանճար կոչվել»:

Չնայած երաժշտական գործիք չկար դահլիճում` Վ. Թադեւոսյանը չհրաժարվեց ուսանողներին հրաժեշտ տալ իր կատարումով:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: