Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը սեպտեմբերի 12-ին Երեւանի պետական համալսարանի հյուրն էր:
«Դուք նոր ուսումնական տարվա առաջին պաշտոնական հյուրն եք, եւ այս հանգամանքն ավելի նշանակալից է դարձնում Ձեր այցելությունը: Չեմ կասկածում, որ Ձեզ համար` որպես գիտության մարդու եւ մշակույթի գիտակի, մեր երկրի հիմնական գիտակրթական օջախ այցելությունը նույնպես կարեւոր նշանակություն ունի»,- ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի շփումների համար ստեղծվել են ավելի նպաստավոր պայմաններ, գիտակրթական ոլորտում հարաբերություններն ավելի ինտենսիվ են դարձել: Իրանցի ուսանողների առկայությունը հայաստանյան բուհերում, ինչպես նաեւ` հայ ուսանողների` Իրանում ուսումը շարունակելու ցանկությունը դրա վառ ապացույցն են: Երեւանի պետական համալսարանում լուրջ հիմքերի վրա են դրված իրանագիտությունն ու պարսից լեզվի եւ գրականության դասավանդումը, որին հարգանքով են վերաբերվում նաեւ Իրանի իրանագետ գիտնականներն ու պարսից լեզվի մասնագետները:
Թեհրանում գործում են 10 եկեղեցի, տարրական եւ միջնակարգ 22 հայկական դպրոց, բազում մշակութային եւ գիտական օջախներ: Պարոն Հադդադ Ադելի խոսքով` «հայերի եւ մուսուլման իրանցիների համատեղ կյանքն աշխարհում կրոնների հետեւորդների խաղաղ գոյակցության գերազանց եւ դրվատելի օրինակ է»: Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողները պարսիկ բանաստեղծներից հատվածներ ընթերցեցին: Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Մեջլիսի նախագահին պարգեւատրեց ԵՊՀ ոսկե մեդալով, Հայաստանի մասին պատմող գրքեր նվիրեց, նախագահն էլ հուշանվերներ էր պատրաստել ինչպես ռեկտորի, այնպես էլ արեւելագիտության ֆակուլտետի համար: