23.09.2009 | 
Գիտություն, Հասարակություն
ԱՆԿԱԽՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱ՞Ն,  ԹԵ՞ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ
«Սեպտեմբերի 21-ն ազգային ինքնորոշման օրն է, ոչ թե անկախության»:

Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հանդիպումը նվիրված էր ՀՀ անկախության 18-րդ տարեդարձին, որը կազմակերպել էր նույն ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: Պարույր Հայրիկյանն ուսանողների համար հակիրճ դասախոսություն կարդաց անկախության ձեռքբերման անհրաժեշտության, այդ ճանապարհին ծառացած բազմաթիվ խոչընդոտների եւ ձեռք բերած հաղթանակների մասին:

 

«Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող բոլոր լուրջ կուսակցություններն էլ այն կարծիքին են, որ Անկախության օրը մայիսի 28-ն է: Սակայն, չգիտես ինչու, այս օրն Ինքնորոշման օր կոչելու օրենսդրական նախաձեռնությունը հետաձգվում է»,- հավելեց նա: Ըստ բանախոսի, պատմական ճշմարտությունն այն է, որ մի քանի 100 տարվա պետականության կորստից հետո հայ ազգն իր պետականության անկախությունը վերականգնել է 1918թ-ի մայիսի 28-ին, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայերն արդեն անկախ էին, պարզապես այդ օրը մենք ազգովի անկախության գաղափարին «այո» ասացինք:

 

«Սեպտեմբերյան այդ օրվա խորհուրդն այն է, որ մեր ազգը պատմության մեջ առաջին անգամ կարողացավ ազգային հավաքականությամբ «այո» ասել ազգային վեհ նպատակին. դրանով ավելի կայուն ու հաստատուն հիմքերի վրա դրեց մեր պետականությունը: Այսքան տարիների մեծագույն ձեռքբերումն այն էր, որ ազատվեցինք ռուսական իմպերիալիզմի լծից եւ միջազգային իրավունքի սուբյեկտ դարձանք»: «Իսկ ինչ վերաբերում է բացթողումներին, ապա առայսօր մենք մնում ենք աշխարհի միակ ազգը, որ չունի միասնական ուղղագրություն:

 

Ժողովրդավարության հարցում դեռ քայլեր ունենք անելու, սակայն չենք անում: Իր բոլոր թերություններով հանդերձ այս 18 տարիները մեր մեծագույն ձեռքբերումն են, եւ մենք պետք է այն ըստ արժանվույն պահպանենք եւ գնահատենք»,- եզրափակեց նա:

 

Իսկ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը պատմաբան ուսանողներին նախ հորդորեց ուշադիր լինել յուրաքանչյուր պատմական իրադարձության նկատմամբ, ապա հավելեց.«Դուք անկախության սերնդի ներկայացուցիչներ եք, եւ ձեզ վիճակված է ապրել ազատ ու անկախ հայրենիքում: Հիշե՛ք` մեր պետությունն անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհ է անցել: Զարգացման ուղին հաղթահարող մեր երիտասարդ պետությունն այսօր բանիմաց քաղաքացիների կարիք ունի»:

Այլ նորություններ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ, ՈՎ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է ՆԺԴԵՀԻՆ, ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ». ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պաելանների անվան դահլիճում տեղի է ունեցել «Նժդեհն այսօր» խորագրով երիտասարդական գիտաժողով:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԻ «ԹԱՓՈՆՆԵՐԻՑ` ԿԵՆՍԱՋՐԱԾԻՆ» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցել է «UNDP Armenia’s ImpactAIM»-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «ISTC - Innovative Solutions and Technologies Center Foundation»-ի կողմից կազմակերպված «Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրին, ներկայացրել «Թափոններից`կենսաջրածին» ստարտափ նախագիծը և դարձել մրցանակակիր: