19.04.2011 | 
Հասարակություն
ԵՊՀ ՂԱԶԱԽ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ
ԵՊՀ ՂԱԶԱԽ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ
Եվրասիական ազգային համալսարանի պատվիրակությունն այցելեց ԵՊՀ պատմության թանգարան:

Ապրիլի 18-ից 24-ը ԵՊՀ-ն իր դռներն է բացում Լ. Գումիլեւի անվան եվրասիական ազգային համալսարանի պատվիրակության առաջ: Ղազախստանի Աստանա քաղաքում գտնվող այս համալսարանի հետ Հայաստանի մայր բուհն առաջին անգամ չէ, որ համագործակցում է: Երկու համալսարանների ռեկտորներն անցյալ տարի ԵՊՀ-ում Ղազախական կենտրոնի բացման առիթով ստորագրեցին նաեւ համագործակցության հուշագիր:

 

ԵՊՀ գործընկեր համալսարանի պատվիրակության առաջին օրն այսօր մեկնարկեց ԵՊՀ պատմության թանգարանից, որտեղ հյուրերը ծանոթացան Մայր բուհի պատմությանն ու անցած ճանապարհին: «Ուզում եմ հայտնել մեր հիացմունքը ցուցադրության մտածված ու կուռ կառուցվածքի վերաբերյալ: Հատկապես տպավորիչ էր այն, որ համալսարանի պատմությունը ներկայացված է անձերի միջոցով` ռեկտորներ, հիմնադիրներ, դասախոսներ…»,- ԵՊՀ պատմության թանգարանի հուշամատյանում էքսկուրսիայից ստացած տպավորություններն այսպես մեկնաբանեցին ղազախական պատվիրակության հինգ անդամները: Պատվիրակության անդամներն այսօր կայցելեն նաեւ Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, մասնավորապես Գոշավանք եւ Հաղպատի վանք: Երեկոյան Երեւան կժամանի նաեւ Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Բաքիտժան Աբդրաիմը:

 

Իսկ վաղը` ապրիլի 20-ին, վաղ առավոտից Երեւանի պետական համալսարանում կմեկնարկի միջազգային «Եվրասիականության գաղափարներ եւ հայ-ղազախական հարաբերությունները հին ժամանակներից մինչեւ մեր օրերը» խորագրով երկօրյա գիտաժողովը, որի ընթացքում հայ եւ ղազախ գիտնականները հանդես կգան մեկ տասնյակից ավելի թեմատիկ զեկույցներով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: