12.05.2010 | 
Կրթություն, Գիտություն
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԸ` ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԸ` ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ
Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Ազգային ինքնության կերտողներից մեկի` Արքայից արքա Տիգրան Մեծի հոբելյանը նշվում է գիտական համեստ շրջանակներում: Ողջունելով ներկաներին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց hայոց քաղաքակրթության մեջ մեծագույն ներդրում ունեցող արքայի կերպարը: Պատմաբան ռեկտորն ասում է, որ տարիներ շարունակ ինքը դիտարկում եւ ուսումնասիրում է զորահրամանատար արքայի գործունեությունը, սակայն այն նորովի ուսումնասիրելու համար երիտասարդ սերունդը շատ անելիքներ ունի:

 

Թեպետ գրվել են բազում մենագրություններ ու հոդվածներ, սակայն կան մի շարք չուսումնասիրված հարցեր, որոնք պատմագիտական ուսումնասիրությունների են արժանի: ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանն ասաց, որ Տիգրան Մեծը, քաղաքական ու ռազմական գործիչ լինելուց բացի, հմուտ դիվանագետ էր: Ակադեմիկոս Բարխուդարյանի դիտարկումն ավելի պատկերավոր դարձավ, երբ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանը ներկայացրեց մի դրվագ հայոց արքայի վարած խորագետ քաղաքականությունից: «45-ամյա Տիգրան Մեծը, պատանդությունից վերադառնալով, թագադրվում է մի վայրում, որը ոչ մայրաքաղաք էր, ո´չ էլ հոգեւոր կենտրոն եւ ո´չ էլ հատուկ սահմանված թագադրավայր, այդ փաստը բոլորի մոտ անհասկանալի էր, թե ինչու այդ փորձառու անհատն այդպես վարվեց, սակայն 20 տարի հետո ստեղծված մեծ աշխարհակալության մայրաքաղաքը Տիգրանն ստեղծեց հենց իր թագադրավայրում, որը տերության մեջ ուներ կենտրոնական դիրք եւ գտնվում էր հայոց հողի վրա:

 

Այդ ժամանակ ժողովուրդն հասկացավ Տիգրան արքայի դիվանագիտական քայլը»,- մանրամասն ներկայացրեց միջոցառումների կազմակերպիչ, դոցենտ Մովսիսյանը: Նշվեց նաեւ, որ Արքայից արքա Տիգրան Մեծը, երկընտրանքի առջեւ կանգնելով, երբեք չի դավաճանել իր սկզբունքներին: Բարդ քաղաքական իրավիճակում Տիգրան Մեծը հայրենիքի ապագան գերադասեց տիրակալի իր փառքից: «Եվ այսօր` անկախ հանրապետության կայացման օրերում, հայոց արքայի հոբելյանը պետք է կազմակերպվեր հանրապետական ու կառավարական մակարդակով»,- կարծում են միջոցառմանը ներկա գիտնականները: ԵՊՀ ռեկտորն էլ հույս հայտնեց, որ առաջիկա տասնամյակներում ազգային մեծություն Տիգրան Մեծին նվիրված միջոցառումներն ավելի պատշաճ մակարդակով կկազմակերպվեն եւ, ամենակարեւորը, կարվեն պատմական հետեւություններ:

 

Վերջում ցուցադրվեց գիտահանրամատչելի ֆիլմ` «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը»: ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների շարքը կշարունակվի առաջիկա երկու օրերին եւս: Մայիսի 13` ժամը 13:30, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում Արտակ Մովսիսյանը կներկայացնի զեկույց` «Տիգրան Մեծի օրոք ստեղծված գրավոր ժառանգության մասին» թեմայով, որից հետո կցուցադրվի «Ժայռապատկերներից մինչև այբուբեն» գիտահանրամատչելի ֆիլմը:

 

Մայիսի 14` ժամը 13:30, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը կներկայացնի « զեկույց` Տիգրանյան տերության սահմանները» թեմայով, ապա կցուցադրվի «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» ֆիլմը: Նշենք, որ Տիգրան Մեծին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի մինչեւ տարեվերջ. այս ընթացքում կնկարահանվեն ֆիլմեր, կտպագրվեն գրքեր, կազմակերպվի ուխտագնացություն Արցախի Տիգրանակերտից մինչեւ Երեւան:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ: