27.04.2012 | 
Ուսանողական
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ
Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր դատախաղ-մրցույթ:

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ներֆակուլտետային դատախաղ-մրցույթ, որի նպատակն էր ուսանողության շրջանում բարձրացնել գործնական գիտելիքների մակարդակը, նպաստել նրանց մասնագիտական հմտությունների, վարքագծի, դատարանի հետ հաղորդակցվելու եղանակների ու մեթոդների զարգացմանը:

 

Նմանաբնույթ հանդիպումներն ուսանողների շրջանում ձեւավորում են դատական գործընթացային պատշաճ մասնակցության տարբեր տեսակի տակտիկական հնարքներ կիրառելու հմտություններ, ինչպես նաեւ նպաստում փակուղային թվացող իրավիճակներում արագ եւ ճիշտ կողմնորոշվելու փաստաբանական «հոտառություն» ձեռք բերելուն:

 

Մինչ դատավարության մեկնարկը Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ Սամվել Դիլբանդյանը ողջունեց ներկաներին՝ կարեւորելով նմանօրինակ դատախաղերի անցկացումը: Նա դատավարությանը ներկա գտնվող ուսանողներին խորհուրդ տվեց նշումներ անել՝ վերջում առաջարկներ ու նկատողություններ անելու համար:

 

Դատական գործընթացը սահուն ու հետաքրքիր անցավ, քանի որ 3-րդ կուրսի ուսանողները բավականին լավ էին պատրաստված: Եվ չնայած դատավորի կայացրած որոշման հետ ոչ բոլորն էին համաձայն, այնուամենայնիվ, ներկաները գոհ մնացին ե՛ւ դատավարության ընթացքից, ե՛ւ մասնակիցների պատրաստվածության աստիճանից:

 

«Չնայած սա մեր առաջին դատավարությունն էր, սակայն պետք է նշեմ, որ կողմերը շատ լավ էին պատրաստված, իսկ դատական գործընթացն էլ պատշաճ մակարդակով անցկացվեց, ինչի համար շնորհակալ եմ ե՛ւ հանդիպման կազմակերպիչներից, ե՛ւ մասնակիցներից»,- ասաց Սամվել Դիլբանդյանը: Դատավարության ընթացքից ու մասնակիցներից գոհ էր նաեւ դասախոս Արմեն Հարությունյանը. «Ողջունում եմ նախաձեռնությունը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակիցներին դատավարությունը փայլուն անցկացնելու համար: Կողմերը պատշաճ մակարդակով ներկայացրին գործը: Ամեն ինչ գրագետ էր արված, ինչի համար շնորհավորում եմ ձեզ»:

 

Հանդիպման վերջում միջոցառման նախաձեռնող, Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Նարինե Բաբայանը նշեց, որ նախատեսվում է հետագայում էլ այսպիսի դատախաղեր կազմակերպել՝ ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար:

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ: