11.12.2007 | 
ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ 1/3 ՄԱՍՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է
ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ 1/3 ՄԱՍՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում այսօր ուսանողների իրազեկմանն ուղղված վերջին սեմինարն էր:
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 11-ը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 1-3-րդ կուրսերի ուսանողների համար ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ուսանողների իրազեկման սեմինարների շարք: Ուսանողական խորհրդի սոցիալ-իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված այս ակցիան նպատակ ուներ ուսանողներին ներկայացնել ուսանողների` ԵՊՀ կանոնակարգերով սահմանված հիմնական իրավունքներն ու պարտավորությունները: Սեմինարների մասնակիցները հնարավորություն են ունեցել մանրամասն ծանոթանալու ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման, ԵՊՀ բակալավրիատի ուսանողների գիտելիքների գնահատման կարգին եւ ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները սահմանող կանոնակարգերին, ստանալու իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: «Իրազեկության մակարդակով 3-րդ կուրսի ուսանողն այսօր քիչ է տարբերվում 1-ին կուրսեցուց: Ուսանողները ոչ գիտեն եւ ոչ էլ ուզում են իմանալ իրենց իրավունքները»,- ասում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Կարլեն Խաչատրյանը: Սեմինարների արդյունավետության բարձրացման նպատակով կուրսերը բաժանվել են մինչեւ վաթսուն հոգանոց խմբերի, սակայն, ըստ կազմակերպիչների, ուսանողների միայն 1/3-ն է հետաքրքրված սեմինարներով եւ հիմնականում մասնակիցների թիվը չի գերազանցում քսանը: Վերջին սեմինարը բացառություն չէր: Այնուամենայնիվ, կազմակերպիչների կարծիքով, այսօր արդեն վստահ կարելի է ասել, որ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների առնվազն 1/3-ը գիտի իր իրավունքները եւ հարկ եղած պահին ոչ միայն կարող է լուծել իր խնդիրները, այլ նաեւ օգնել ընկերներին: