Դենիուս Ռադեւիչուսը, ով նաեւ Լիտվայի ազգային հեռուստառադիոխորհրդի նախագահն է, հանդիպեց ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների հետ: Նա վերջիններիս ներկայացրեց մերօրյա ժուռնալիստիկայում ի հայտ եկած նորագույն տենդենցները: Ըստ Դենիուս Ռադեւիչուսի` այսօր ժուռնալիստիկան եւ դրա մեխանիզմներն ու գործիքները փոխվում են շատ արագ. «Լրագրության հիմնական դաշտը դարձել է ինտերնետը, ինչը հնարավորություն է տալիս բոլորին, անկախ մասնագիտությունից, զբաղվելու լրագրությամբ: Ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցն այժմ արդեն ինտերնետային լրագրությունն է, որում ներառված են նաեւ սոցիալական կայքերը, բլոգները եւ այլն»:
Վերջինս նշեց նաեւ, որ ավանդական լրագրության կողմնակիցներից շատերը բլոգը կամ սոցիալական կայքերը լրատվամիջոց չեն համարում, և ըստ նրանց` դրանք դատարկաբանություններ են: Սակայն ներկայումս հանրությունն իրեն որպես լրագրող ավելի շատ ճանաչում է ոչ թե հեռուստատեսությունից կամ ռադիոյից, այլ ԶԼՄ-ների վերը նշված տեսակներից: Դենիուս Ռադեւիչուսի վստահեցմամբ` այն, որ ներկայումս ամբողջ աշխարհում լրատվամիջոցները ողողված են բացառապես արքայազն Ուիլյամի հարսանիքին անդրադարձող նյութերով, ապացույցն է այն բանի, որ արդի ժուռնալիստիկայի հիմքում ընկած է հետաքրքրությունը: Այսինքն` ցանկացած ինֆորմացիայի հաջողության գրավականը դրա հետաքրքիր լինելն է, իսկ ցանկացած լրագրողի հաջողությունը` հանրության մեծամասնությանը հետաքրքրող հնարավորինս շատ նյութեր գտնելն ու մատուցելը:
«Արքայազն Ուիլյամի հարսանիքին ներկա կլինեն 8000-ից ավելի լրագրողներ, հեռարձակվելու է ուղիղ եթերով, քանի որ ամբողջ աշխարհին է հետաքրքրում այդ հարսանիքը»,- նշեց Լիտվայի ժուռնալիստների միության նախագահը: Վերջինս ուսանողներին ցուցադրեց նաեւ իր կողմից պատրաստված մի տեսաշար, որտեղ ներկայացված են արդի լրագրության բոլոր այն նորամուծությունները, որոնք այսօր գործածվում են ամբողջ աշխարհում: