25.06.2009 | 
Քաղաքականություն
ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆԸ ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄԻՑ ԼԱՎ Է
ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆԸ ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄԻՑ ԼԱՎ Է
«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխադարձ այցելությունները նախագահների մակարդակով շատ ավելին են, քան զուտ պաշտոնական լինելը»:

Այսօր Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում այսպես արտահայտվեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Երկօրյա պաշտոնական այցով մեր երկրում գտնվող բարձրաստիճան պաշտոնյային, Մայր բուհի գիտխորհրդի որոշմամբ, շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում եւ համալսարանի բարձրագույն պարգեւը` ոսկե հուշամեդալ: «Վրաստանաբնակ հայերը մեր մշակույթի եւ հասարակության լուրջ մասն են կազմում:

 

Մենք Վրաստանը չենք բաժանում էթնիկ վրացիների, էթնիկ հայերի, էթնիկ ռուսների, էթնիկ ադրբեջանցիների եւ այլն: Մենք հստակ հասկանում ենք, որ Վրաստանը հավասարապես պատկանում է բոլոր էթնիկ խմբերին, նրանցից ոչ մեկը չունի առավելություններ մյուսների նկատմամբ,- ասաց Միխայիլ Սահակաշվիլին` կարեւորելով երկու ժողովուրդների շփման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը.- կարելի է ընդհանուր «էսպերանտո» մշակել, ասենք` Հավլաբարի լեզուն»:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ բազմազգ պետության կառուցման ճանապարհին էական դեր է հատկացվում այս կամ այն պետության տարածքում բնակվող տարբեր խմբերի մշակութային ինքնավարությանը: «Եվ գուցե ժամանակն է ավելի լրջորեն մտածելու հայազգիներով բնակեցված տարածքներում հայոց լեզվի նորովի ուսուցման մասին, իհարկե, վրացերենին հավասար պայմաններում: Սա եւս մեկ անգամ կապացուցի, որ երկրի բոլոր բնակիչներին տրվում է հասարակական կյանքին մասնակցելու լիարժեք հնարավորություն, եւ որ խոսքը գործին չի հակասում»,- ասաց ռեկտորը:

 

Վրաստանի նախագահն իր ելույթում անդրադարձավ ինչպես Վրաստանի տնտեսության զարգացման տեմպերին, այնպես էլ երկրի ընդդիմության գործողություններին եւ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերություններին: «Վերջին տարիների ընթացքում Վրաստանը շատ դինամիկորեն է զարգանում: 2003 թվականին բյուջեն 350 միլիոն դոլար էր, իսկ այս տարի բյուջեն դարձել է 5 միլիարդ դոլար: Եվ դա` երկու անգամ իջեցված հարկերի պայմաններում: Այսօր մեկ տարվա ընթացքում կատարվում է այնքան աշխատանք, որքան նախկինում` մեկ տասնամյակի ընթացքում»,- ասաց նախագահը:

 

Նա նկատեց, որ Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի կատարած ներդրումներն անհամեմատ շատ են մյուս բոլոր շրջաններում կատարվող ներդրումներից: Ըստ պարոն Սահակաշվիլու` իրենց երկիրը բավականին լուրջ ծրագրեր ունի` կապված ինչպես երկաթուղու կառուցման, այնպես էլ հանգստյան գոտիներ ստեղծելու հետ: Վրաստանի ներքաղաքական զարգացումները մեր հարեւան երկրի նախագահը համարում է դեմոկրատիայի դրսեւորում: Իսկ տարածաշրջանային քաղաքականության մասին խոսելիս Միխայիլ Սահակաշվիլին վստահեցրեց. «Կովկասը պետք է միավորվի: Թեեւ հիմա մի քիչ դժվար է նման հեռանկարի մասին խոսելը, բայց կարծում եմ, որ դա անխուսափելի է: Դա տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում ենք»:

 

Հյուրի եւ համալսարանականների միջեւ ակտիվ հարցուպատասխանը վերաբերում էր ինչպես տնտեսությանը եւ մաքսային քաղաքականությանը, այնպես էլ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը: «Գուցե ես նախավերջին նախագահն եմ, որ առատորեն մեջբերում է Պուշկինի, Եսենինի եւ Բրոդսկու խոսքերը, եւ ռուսական մշակույթի ազդեցությունը մեր երկրում դեռ ակնհայտ է: Ցավոք, Ռուսաստանն այդ առավելությունը չօգտագործեց, նա ընտրեց բիրտ ուժի տարբերակը»: Այս պայմաններում էլ, ըստ պարոն Սահակաշվիլու, երեւում են իսկական բարեկամները. «Մենք շատ բարձր ենք գնահատում Վրաստանի հանդեպ Հայաստանի շատ զուսպ, շատ հստակ դիրքորոշումը: Հենց նման պահերին են ստեղծվում ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը: Այդ բարեկամությունը ստուգվում եւ հաստատվում է ամեն օր»:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից: