08.09.2008 | 
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՈՎ
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՈՎ
Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Լեւոն Նուրբեկյանը Իրանից վերադարձել է արծաթե մեդալով:

Հուլիսի 14-19-ը Թեհրանում կայացավ «Գիտական մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան», որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ի տարբերություն Եվրոպայում անցկացվող նմանատիպ օլիմպիադաների` տարածաշրջանային այս մրցույթին մասնակցում էին ոչ թե բուհերը, այլ երկրները:

 

Հայաստանից մեկնած թիմը բաղկացած էր 5 ուսանողից եւ թիմի ղեկավարից: Բոլորն էլ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետից էին: Մինչ այդ ԵՊՀ-ում անցկացվել է նախընտրական փուլ, որին կարող էին մասնակցել նաեւ այլ ֆակուլտետների եւ բուհերի ուսանողներ: Թիմի ղեկավար, ֆակուլտետի երկրորդ կուրսի ասպիրանտ Կարեն Քեռյանը նշեց, որ Իրանում անցկացվող այս մրցույթի մասնակիցներից պահանջվում է գիտելիքների առավելագույն պաշար:

 

«68 մասնակցից 43-ը Իրանի թիմից էին: Հենց այդ թիմն էլ արժանացավ Ոսկե մեդալին: Ի դեպ, իրենք իսկապես արժանի էին»,- ասաց թիմի ղեկավարը:

 

Նա այդ արդյունքը բացատրեց նաեւ երկու երկրների ուսումնական ծրագրերի տարբերությամբ: «Կան նրբություններ, որոնք մեր ուսանողներն իմանում են օլիմպիադային մասնակցելու նախապատրաստական դասընթացների ընթացքում, ինչի հետեւանքով յուրացված նյութն այնքան խորքային չի լինում, որքան ուսումնառության ընթացքում ստացված գիտելիքները»,- ասաց Կարեն Քեռյանը` հավելելով, սակայն, որ միայն օլիմպիադաներին մասնակցելու համար իմաստ չունի ծրագրային փոփոխություններ կատարել:

 

Լեւոն Նուրբեկյանը Իրանի այս օլիմպիադային մասնակցում էր երկրորդ անգամ: Առաջին անգամ` երկու տարի առաջ, նա դարձել էր ոսկե մեդալակիր: Այս անգամ նա հնարավոր 400 միավորից վաստակել է 215-ը:

 

«Առաջին անգամ ավելի արագ էի աշխատում, հիմա մի քիչ «տեմպից ընկել եմ»: Այն ժամանակ անընդհատ օլիմպիադաների էի մասնակցում, լավ մարզավիճակում էի»,-ասաց Լեւոնը:

 

Բուն մրցույթը տեւել է երկու օր` երկուական փուլով: Առաջին օրը խնդիրները վերաբերում էին մաթեմատիկայի անալիզի եւ թվային մեթոդների ոլորտին, երկրորդ օրը` հանրահաշվին եւ գծային հանրահաշվին: Տրված ժամանակը` յուրաքանչյուր թեմային` 1,5 ժամ, այդքան էլ բավարար չէ ուսանողների համար: Բայց Լեւոնը վստահ է, որ ավելի ուշադիր եւ կենտրոնացած աշխատանքի դեպքում հնարավոր կլիներ գրանցել ավելի բարձր արդյունքներ: Մեդալակիրը նշեց, որ այս տարի ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված:

 

Հայաստանից թիմը մեկնել է ինքնաթիռով, Թեհրանում բոլորին պատշաճ ընդունելություն են ցուցաբերել, կենցաղային լավ պայմաններ ապահովել: Իրենք մնում էին քաղաքի ծայրամասում, որտեղ նոր կառուցված շենքեր էին, մաքուր տարածք: Այցելել են թանգարաններ, եղել քաղաքային այգում, հանդիպել տեղի հայերին: Մասնակիցները շնորհակալ են ֆակուլտետի ղեկավարությանը, դեկան Արթուր Սահակյանին եւ ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանին` օլիմպիադային մասնակցելու հարցում աջակցություն եւ սրտացավություն ցուցաբերելու համար: