«ԵՊՀ ռեկտորը ներկայացնում է» հանդիպումների շարքում այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողները հյուրընկալել էին հայտնի դերասանուհի, գրող, թարգմանչուհի, հրապարակախոս Անահիտ Թոփչյանին: Եկել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի հրավերով, ուսանողների ցանկությամբ: Զրուցում էր մերօրյա գրականության, թատրոնի,գրողի եւ դերասանի առաքելության, այսօրվա երիտասարդության մասին:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նախ Անահիտ Թոփչյանին շնորհակալություն հայտնեց ԵՊՀ այցելելու եւ հրավերը չմերժելու համար, այնուհետեւ նշեց, որ ուսանողները մեկ անգամ չէ, որ ցանկություն են հայտնել հանդիպելու նրա հետ: Հանդիպումը բավականին ջերմ անցավ: Մինչ ուսանողների հարցերին պատասխանելը ներկաները հնարավորություն ունեցան տեսաերիզի վրա դիտելու եւ եւս մեկ անգամ հիանալու Անահիտ Թոփչյանի դերասանական խաղով, որը համեմված էր հյուրի անկեղծ ու առանձնահատուկ մեկնաբանություններով:
Իսկ ուսանողների հարցերը շատ էին եւ բազմաբովանդակ: Անահիտ Թոփչյանը խոսեց իր անցած ճանապարհի, ժամանակի ու տարածության հետ ունեցած խնդիրների, թատրոնում եւ կինոյում խաղացած ավելի քան հարյուր դերերի ու դրանց նշանակության, հանդիսատեսի ազգային առանձնահատկությունների մասին: Իսկ այսօր անվանի դերասանուհի Անահիտ Թոփչյանը հայ ընթերցողին ու հանդիսատեսին ներկայանում է իբրեւ գրող, արդեն երկու հեղինակային գրքերով` «Հայելի» եւ «LADI S. D. F.» («Առանց կայուն հասցեի տիկինը»): «Անցումը» թատրոնից գրականություն դերասանուհին դժվարանում է բացատրել. «Հավանաբար բեմի բացակայության ստեղծագործական պարապը լցնելու ինչ-որ ձեւ էր գրականությունը: Եթե մարդը սովոր է անընդհատ ստեղծագործել` անընդհատ, ամեն վայրկյան, գիշերն անգամ, պիտի փորձեր լցնել այդ դատարկությունը: Թեպետ նաեւ խաղում էի իմ իսկ ստեղծած «Մեկ դերասանի թատրոնում», բայց դա քիչ էր»: Անահիտ Թոփչյանն այսօր ապրում ու ստեղծագործում է Ֆրանսիայում: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան ու հայկական թատրոն վերադառնալուն եւ այստեղ հաստատվելուն, Անահիտ Թոփչյանն ասաց. «Դրսում մշակութային մթնոլորտն ուրիշ է: Միշտ էլ մեզնից բարձր են եղել` բոլոր ասպարեզներում: Այնտեղ ավանդներ կան, հատուկ վերաբերմունք կա ստեղծագործող անհատի հանդեպ: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ուրույն մտածողություն ունեցողների կյանքն ուտում են: Մեզանում ատելություն կա այդպիսի մարդկանց հանդեպ: Պետք է լինես ստրուկ, պետք է ենթարկվես: Ես այդպես չեմ կարող եւ, թերեւս, դա էր պատճառը, որ հեռացա թատրոնից: Միշտ խղճի խայթ էի զգում, որ չէի կարող ավելի երկար մնալ ու նաեւ՝ խաղալ այստեղ: Չէ՞ որ ես չեմ կտրվել, չեմ գնացել: Կարող եմ ասել, որ երբեմն-երբեմն Փարիզ եմ գնում, ոչ թե` հակառակը»: