18.04.2007 | 
Ուսանողական
ՆՐԱՆՔ ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
ՆՐԱՆՔ ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
«Ինչ որ այս փոքրերի համար արեցիք, ինձ համար արեցիք...»
Աստվածաշնչյան այս խոսքերին հետեւելով Երեւանի պետական համալսարանի ուսանողներն այցելում են մանկատներ:

Արդեն երկրորդ անգամն է, ինչ ԵՊՀ ուսխորհրդի հոգեւոր մշակույթի զարգացման հանձնաժողովը բարեգործական այց է կատարում մայրաքաղաքում գտնվող մանկատներ:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ Հայաստանի բուհերի հոգեւոր հովիվ Վարազդատ սարկավագի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելեցին Քանաքեռ-Զեյթունի «Հատուկ տիպի» մանկատուն:

Քաղցրավենիքից ու խաղալիքներից առավել երեխաներն ուրախացան իրենց ավագ ընկերների բերած գրենական պիտույքներով: Տեսնելով մանուկների ոգեւորվածությունը, պատմության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վահրամ Թոքմաջյանը երեխաներին խոստացավ մյուս այցելությունների ժամանակ ավելի շատ գրենական պիտույքներ բերել: Իսկ փոքրիկները փորձում էին Մայր բուհի ուսանողներին զարմացնել գրելու, նկարելու եւ ասմունքելու կարողություններով:

«Ուրախալի է, երբ այս մանուկների շուրթերից վարժ հնչում են Տերունական աղոթքն ու հոգեւոր երգեր » ,- ասում է Վարազդատ սարկավագը:

«Գուրգուրանքի, սիրո եւ քնքշանքի պակասը լրացնելու նպատակով բարեգործական այցերը մանկատներ կլինեն շարունակական»,- վստահեցնում է հոգեւոր մշակույթի զարգացման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պողոսյանը:

Իսկ մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը կազմակերպիչներին հանձնեց շնորհակալագրեր եւ նշեց. «Այս երեխաներն ավելի շատ կարիք ունեն շփվելու իրենց ավագ ընկերների հետ, եւ ողջունելի է, որ ուսանողները սիրով են այցելում մեր փոքրիկներին»:

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: