20.04.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ «ԼՈՄՈՆՈՍՈՎԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ «ԼՈՄՈՆՈՍՈՎԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Մոսկվայի պետական համալսարանում անցկացված կոնֆերանսում մեր ուսանողների աշխատանքները ճանաչվել են լավագույնը:

2009 թվականի ապրիլի 14-17-ը Մոսկվայի պետական համալսարանում անցկացվեց ուսանողների, ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների միջազգային գիտական կոնֆերանս` «Լոմոնոսով- 2009»: Դրա նպատակն է ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին ներգրավել ժամանակակից գիտության խնդիրների լուծման գործում եւ կապեր հաստատել ապագա մասնագետների միջեւ:

 

Կոնֆերանսին մասնակցության հայտ են ներկայացրել 12 հազար հոգի, որից 6 հազարն է միայն ստացել մասնակցության իրավունք: ԵՊՀ-ից մասնակցել են չորս ուսանողներ` Գուրգեն Գասպարյանը (Տնտեսագիտության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս), Վահան Մալխասյանը (Ֆիզիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս), Տիգրան Քեռյանը (Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս) եւ Նանե Ղազարյանը (Իրավագիտության ֆակուլտետ 3-րդ կուրս):

 

Նրանցից երեքի` Գուրգենի, Նանեի եւ Վահանի աշխատանքները ճանաչվել են լավագույնը իրենց սեկցիաներում: Գուրգենը մասնակցում էր տնտեսագիտության, իսկ Վահանը ֆիզիկայի սեկցիաների աշխատանքներին: Մեր ուսանողները, մինչեւ գիտաժողովի մասին իմանալը, արդեն որոշակի գիտական աշխատանք կատարել էին, իսկ Մոսկվայում արդեն ներկայացնում էին իրենց հետազոտությունների արդյունքները: Վահանի թեման է «Մեթանի օսցիլյացիոն ռեժիմների մոդելավորումը հետերոգեն ռադիկալ ռեակցիաների առկայության դեպքում», Գուրգենինը` «Ինֆլյացիայի վրա ազդող ոչ մոնետար եւ մոնետար գործոնների քանակական գնահատումը», իսկ Նանեն գրել է «Վարչական արդարադատության դերը մարդու իրավունքների ոլորտում» թեմայով:

 

Նրանք ստացել են պատվոգրեր և գրքեր: Ապագա իրավագետ Նանեն հաղթող է ճանաչվել և’ սեկցիայի, և’ ենթասեկցիայի մաշտաբով: «Ե’վ դպրոցական, ե’ւ համալսարանական օլիմպիադաների ու մրցույթների մասնակցել եմ, սակայն առաջին անգամն էր, որ ներկայացնում էի մի նյութ, որի գիտական հիմնավորումն ինքս էի ապացուցել»,- հպարտությամբ ասում է Վահան Մալխասյանը: Գուրգեն Գասպարյանը ծնվել է 1988 թվականին Երեւանում, 2004 թվականին ավարտել է Երեւանի Իսակովի անվան համար 132 դպրոցը եւ նույն տարին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, 2007-ին հաղթող է ճանաչվել «Լավագույն ուսանող-2007»-ում:

 

Վահան Մալխասյանը ծնվել է 1990 թվականի հուլիսի 20-ին Երեւանում, 2007-ին ավարտել է Երեւանի Պուշկինի անվան համար 8 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Նանե Ղազարյանը ծնվել է 1990 թ-ի մայիսի 24-ին Երևանում, 2006 թ-ին ավարտել է Երևանի Լևոն Շանթի անվան համար 4 դպրոցը և ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: «Համալսարանից նախկինում էլ են մասնակցել ամենամյա այս կոնֆերանսին, բայց լուրջ արդյունքներ չեն եղել:

 

Սա նաեւ համընկավ ԵՊՀ 90-ամյակի հետ,եւ ՈՒԳԸ երկու անդամները կարողացան բարձր պահել ոչ միայն համալսարանի, այլեւ հանրապետության անունը: Վստահեցնում եմ, որ հետագայում հնարավոր ամեն ինչ կանենք այսպիսի միջոցառումներին մասնակցելու եւ լավ արդյունքներ գրանցելու համար»,- ասում է ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը: