27.04.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ԵՐԿԻՆՔԸ ԱՐԾԻՎՆԵՐ Է ՍԻՐՈՒՄ
ԵՐԿԻՆՔԸ ԱՐԾԻՎՆԵՐ Է ՍԻՐՈՒՄ
«Այն օրը, երբ տիկին Մարոն լույս աշխարհ էր բերել Տիգրանին, այդ օրը նա հերոս էր ծնել, ուղղակի ոչ ոք այդ մասին չգիտեր».- կուրսեցին հուզված էր եւ հպարտ:

Այդ օրը 1965 թվականի ապրիլի 27-ն էր. ծնվեց սովորական հայ երիտասարդ` Տիգրան Սարգսյան անունը կրող: Բայց ինչպես ընկերներն են ասում, նրան առաջին անգամ հանդիպող ամեն մարդ հասկանում էր` Տիգրանը սովորական մարդ չէր, շարքային չէր: «Մենք հետո հասկացանք, որ հերոսացումը Տիգրանի հետ ծնվել էր»: 1982 թ-ին գերազանցությամբ ավարտել է Երեւանի թիվ 162 միջն. դպրոցը: 1983 թ-ին զորակոչվել է խորհրդային բանակ: 1985 թ-ին զորացրվել է եւ նույն տարին ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:

 

1990 թ-ին ընտրվել է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր` աշխատանք տանելով իրավաբանական հանձնաժողովի կազմում: Ամուսնացել է 1990 թվականին եւ ունի մեկ զավակ` Արգիշտի: 1988-ից սկսած Տիգրանը եղել է ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից: 1989 թվականին ստեղծեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը եւ ընտրվեց շտաբի պետ: Մասնակցել է Երասխավանի, Խնձորեսկի, Նոյեմբերյանի պաշտպանական մարտերին:

 

Մշակել եւ իրականացրել է Հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանի մի շարք գյուղերի ինքնապաշտպանական մարտերը: 1991 թվականի դեկտեմբերի 9-ին Էրքեջ գյուղի մոտ ընթացող դաժան մարտերի ժամանակ ծանր վիրավորվեց, իսկ նույն օրը` երեկոյան, նա մահացավ: ՀՀ նախագահի` 1996 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրի համաձայն` ՀՀ անկախության հռչակման 5-րդ տարեդարձի առթիվ Տիգրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով:

 

Այսօր` Տիգրան Սարգսյանի ծննդյան օրը, ֆակուլտետի ուսխորհրդի եւ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ Տիգրանի կինը` Լուսինեն, որդին` Արգիշտին, ով նույնպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող է, հարազատները, ընկերները, կուրսեցիները, զինակիցները, դասախոսները եւ ֆակուլտետի ուսանողները հավաքվել էին` հիշելու նրան, շնորհավորելու նրա հերոսական ծնունդը:

 

Որդին` Արգիշտի Սարգսյանը, խնդրեց միջոցառումը ոչ թե հուշ-երեկո համարել, այլ հայրենասիրության դաս. «Եթե մենք այսօր սիրենք մեր հայրենիքը, որքան էլ ռազմատենչ լինի թշնամին, չի համարձակվի հարձակվել: Ու մենք ստիպված չենք լինի սահմանին սիրել Հայաստանը: Հպարտ եմ, որ այսօր մեր խաղաղ հայրենիքը սիրելու հնարավորություն տվել են հայրս եւ իր նման բազմաթիվ հայրենասերներ»: Հերոս ընկերոջն ու մարդուն հիշելու, նրա կյանքից պատառիկներ պատմելու ցանկություն ունեին շատերը` Տիգրանի եղբայրը, կուրսեցիները, դասախոսները:

 

Նույնիսկ ուսխորհրդի անդամներից մեկը` Ասպրամը, պատահական մարդ չէր. Թաթուլ Կրպեյանի դուստրն էր: Տիգրանի կուրսընկերուհիներից մեկը պատմեց, որ ամեն տարի` Տիգրանի ծննդյան եւ մահվան օրերին, ինքը զրուցում է նրա հետ: Այդ զրույցները թղթին հանձնում, իսկ այսօրվա հանդիպման ժամանակ դրանցից մեկը կարդաց. «Այդ օրը մեռնում էիր դու: Կիսատ էր մնում կյանքդ, որ տեղավորել էին մի թերթ թղթի վրա: Երկրորդ էջը չէր լինելու… Իսկ ո ՞վ կպատմի, թե ինչ էիր խորհում վերջին պահին: Ո ՛չ ոք: Ո՞վ լսեց քո վերջին բառերը: Ո ՞վ տեսավ քո գեղեցիկ աչքերի երկաթե փայլը: Մահդ, իրոք, անարդար էր: Բայց կյանքը շարունակվում է: Ծնվում են նոր արծիվներ… Որովհետեւ երկինքը արծիվներ է սիրում…»:

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: