14.04.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽՈՍՈՒՅԹԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽՈՍՈՒՅԹԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵԼՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի համատեղ կազմապերպած «Խոսույթը գիտական համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում են դասախոսներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ Ֆրանսիայի, ՌԴ-ի և ՀՀ-ի համալսարաններից:

Ողջունելով հյուրերին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների մասին. «Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, ինչն էլ նպաստում է Հայաստանում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի զարգացմանը: Այսպիսի հարաբերությունների ամրապնդմանը նպաստում են նաև միջազգային գիտաժողովները: Սա ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի կազմակերպած երկրորդ գիտաժողովն է: Դրա շրջանակում քննարկվելու են նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչն էլ հնարավորություն կտա էլ ավելի զարգացնելու ուսանողների քննադատական մտածողությունը»:

 

 

Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սարգսյանը, կարևորելով գիտաժողովի դերը, նշեց. «Այսօրինակ գիտաժողովները նպաստում են երիտասարդ տարիքում գիտական խոսք ձևավորելուն: Մենք նպատակ ունենք Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցելու ոչ միայն Լիլի, այլև ուրիշ համալսարանների հետ»:

 

 

Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանն ընդգծեց. «Այսպիսի գիտաժողովների շնորհիվ ուսանողներն ավելի լավ են ծանոթանում եվրոպացի հետազոտողների մտածողությանը: Նրանք կարող են լսել տարբեր մասնագետների տեսակետներ և գիտական նոր մոտեցումներ ձևավորել»:

 

 

Անդրադառնալով երկու երկրների համալսարանների համագործակցությանը՝ Լիլի համալսարանի դոցենտ Գարիկ Գալստյանն ասաց. «Գիտաժողովի կազմակերպման միտքը ծնվել էր դեռևս 2019 թվականին, սակայն համաճարակն արգելք դարձավ, և այն հետաձգվեց: Լիլի համալսարանը երկար տարիներ համագործակցում է երկրաբանության և կենսաբանության ոլորտներում:  Կարելի է ասել՝ հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում համագործակցություն չկար, ուստի համատեղ կազմակերպված գիտաժողովը կարող է նոր ճանապարհ բացել հետագայում կապեր զարգացնելու համար»:

 

Խոսելով թեմայի ընտրության մասին՝ Գ. Գալստյանը նշեց. «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները զուգորդվում են գաղափարական պատերազմներով, և խոսույթի դերն ահռելի է դառնում: Հենց սրանով պայմանավորված էլ մեր ուսումնասիրության տիրույթում հայտնվեց խոսույթը: Այն ուսումնասիրվում է լայն առումով՝ ոչ միայն լեզվաբանության, այլև սոցիալ-քաղաքական իրողությունների համատեքստում»:

 

 

Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը նույնպես անդրադարձավ թեմայի ընտրությանը՝հայտնելով, որ գիտաժողովը միջազգային հանրության հետ ազատ շփման ևս մեկ հնարավորություն է ստեղծում:

Այլ նորություններ
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։
«ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ»․ ԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտներից է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը։ Լենայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական հագեցած տարիների և այլ թեմաների շուրջ: