10.11.2022 | 
Կրթություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՄԵԴԻԱՏԵՔՍՏ. ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՄԵԴԻԱՏԵՔՍՏ. ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի «Մեդիատեքստ. ժամանակների երկխոսությունը» գիրքը: Հեղինակի հետ զրուցել ենք գրքում վերհանված հարցերի մասին, անդրադարձել մասնագիտական խնդիրներին, ինչպես նաև համեմատել նոր գրքի և նախորդիվ հրատարակված ժողովածուի բովանդակային առանձնահատկությունները։

- Պարո՛ն Պետրոսյան, Ձեր նոր գիրքը նախորդ ժողովածուի շարունակությո՞ւնն է:

 

- Նախորդ գրքում («Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար») առաջադրված խնդիրների առանցքում նույնպես մեդիատեքստն է՝ դիտարկված պատումի և հակառակ հեռանկարի համատեքստում: «Պատում» եզրույթի բազմաչափությունը, որ բնորոշ է նաև մեդիատեքստին, այնտեղ համադրված է «հակառակ հեռանկար» հասկացությանը գրույթի տարածքում, ինչի շնորհիվ հաղորդակցությունը տեքստի արտաքին ու ներքին հարթություններում ուշագրավ դիտարկումների առիթներ է ընձեռել: Այս գրքում զետեղված հոդվածներիս հիմնական նպատակը մեդիատեքստի հնարավորությունների խաղարկումն է ժամանակների երկխոսության մեջ:

 

- Արդյոք այդպիսի մոտեցումը հնարավորություն է ընձեռում քննելու մեդիա-մեդիատեքստ փոխառնչությունների շրջանակում առկա մասնագիտական խնդիրները:

 

- Անշուշտ: Մեդիայի և նրա ընկալման սահմանները մեր օրերում համացանցի շնորհիվ մեծապես ընդլայնվել են: Այժմ մեդիատեքստին առնչվող խնդիրների ուսումնասիրությունը հիմնականում տեղափոխվել է միջգիտական հետազոտությունների դաշտ։ Այսպիսի հետազոտություններ կատարելու համար կարևոր են հետազոտողի՝ ոչ միայն լրագրագիտության, այլև պատմության, իմաստասիրության, գրականագիտության և ընդհանրապես մշակութաբանության ոլորտներից ունեցած համակարգված գիտելիքները:

 

- Ներածության մեջ Դուք ներկայացրել եք ժողովածուի հոդվածների ամբողջությունը իբրև հատվածային մենագրություն: Ինչո՞վ է պայմանավորված նման ձևակերպումը:

 

- Սկզբունքը հետևյալն է. հոդվածները թեև ունեն թեմաների լայն ընդգրկում, սակայն գրված և համադրված են տրամաբանական ներքին միասնությամբ, իսկ հետազոտության առանցքում մեդիատեքստն է: Ուստի գիրքն ամբողջության մեջ կարելի է դիտարկել իբրև մենագրություն մեդիատեքստի մասին: Ի դեպ, նման ձևակերպման հաճախ կարելի է հանդիպել գիտական միջավայրում:

 

 

 

- Ձեր այս և նախորդ գրքերի ընդհանուր առանձնահատկություններից մեկը տեքստի երկխոսային շերտերի հետազոտությունն է: Նախորդ գրքի մի շարք հոդվածներում առաջնային խնդիր էր լրագրող-հեղինակի «ներքին երկխոսության», այսինքն՝ նրա մեջ ապրող «ես-երի երկխոսության» քննությունը, իսկ այս գրքում ի՞նչն է առանձնակի ուշադրության արժանացել։

 

- Առհասարակ տեքստը, այդ թվում՝ մեդիատեքստը, անհնար է պատկերացնել ժամանակի և տարածության սահմաններից դուրս: Տվյալ դեպքում ինձ հետաքրքիր էր մարդու և ժամանակի փոխհարաբերությունների մեջ լրագրող հեղինակի՝ «ներքին ժամանակի» ըմբռնումը: Իսկ «ներքին ժամանակը», ինչպես հույն իմաստասերն  է բնութագրում, «հոգու կյանքն է», ես հավելեմ՝ նաև «մտքի կյանքը»: Հոդվածներում փորձել եմ քննել, թե հեղինակի մեջ ինչպես է խաղարկվում մեդիատեքստի ներժամանակային ռիթմը, դրանից ելնելով՝ որքանով են բացահայտվում նոր նյութի մատուցման, լսարանի հետ փոխառնչությունների ուշագրավ կողմերը, և այդ գործընթացին որքանով են նպաստում «ներքին ժամանակի» երկխոսային հնարավորությունները: Թեման ինքնին չուսումնասիրված է մեր լրագրագիտության մեջ: Հուսով եմ՝ հետագայում հետազոտողները կներկայացնեն մեկնության և տարընթերցման նոր տարբերակներ ևս:

 

Ի՞նչ նկատի ունեք՝ «ժամանակների երկխոսություն» ասելով:

 

- Գիրքը բաղկացած է երկու բաժնից, որոնցից առաջինում ուսումնասիրության նյութ են դարձել հաղորդակցության արժեքային սահմանները՝ ի դեմս հեղինակի ներքին ժամանակի, հայաստանյան մեդիախոսույթում ճանապարհի առասպելույթի, սոցցանցերում անհատի ինքնության նոր որակների դրսևորման, համացանցային կայքերում հայ արվեստի փոխակերպման նոր միտումների և այլն: Երկրորդ բաժնում («Ավանդականի ներկայությունը») փորձել եմ քննել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայ մամուլի էջերում լուսաբանված հրապարակումները ազգային կյանքում ի հայտ եկող քաղաքակրթական ու մշակութային արժեքների մասին: Սրանք բախտորոշ ժամանակներ էին մեր ժողովրդի կյանքում, ուստի այդ տասնամյակների և մեր օրերի ուշագրավ զարգացումների զուգորդական պատկերը նորովի է իմաստավորվում, երբ դիտարկվում է հիշյալ ժամանակների երկխոսության մեջ: Եվ ոչ միայն. 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ երկխոսությունն ամենուր է: Մեդիահետազոտողին մնում է որոնել, գտնել և վերստին իմաստավորել մեդիայի ներսում տեղի ունեցող գործընթացները, որոնք միջգիտակարգային հետազոտությունների պարագայում նորովի են բացահայտվում ու ներկայանում գիտական հանրույթին:

Անի Սուքիասյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: