15.11.2022 | 
Կրթություն
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կրթության որակի բարելավման, ուսանողների գործնական հմտությունների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով շարունակաբար իրականացվում են բարեփոխումներ: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի ներդրվել է կրթության կազմակերպման ժամանակակից նոր ձևաչափ՝ «Պրակտիկում» անվանմամբ, ինչպես նաև հիմնադրվում է փորձարարական հեռուստաընկերություն:

Ֆակուլտետում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրուցել ենք ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ:

 

- Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս որոշվեց «Պրակտիկումի» մշակումը և գործընկեր լրատվամիջոցների հետ այն իրականացնելու գաղափարը:

 

 

- Ուսումնական գործընթացի կազմակերպման համար ուղենշային են համալսարանի և ֆակուլտետի ռազմավարական ծրագրերը, սակայն կրթության որակը բարելավելու, նոր և նորարարական լուծումներ գտնելու, ներդնելու համար մենք ուսումնասիրում ենք նաև ուսանողների շրջանում շարունակաբար անցկացվող սոցհարցումների ադյունքները, ֆակուլտետի գիտական խորհրդի և ամբիոնների նիստերում հանգամանորեն քննարկում ենք նրանց կարծիքները, մտահոգություններն ու առաջարկները:

 

Մեզ համար կարևոր է նաև բուհ-աշխատաշուկա արդյունավետ կապը․ հիմնական խնդիրը, որ մատնանշում էին լրատվադաշտի մեր գործընկերները և հատկապես ուսանողները, ձևակերպենք այսպես. ուսումնական գործընթացում գործնական աշխատանքին, պրակտիկ հմտություններին հատկացված ժամաքանակն անհրաժեշտ է ավելացնել։

 

Իրականում մասնագիտական դասընթացներում տեսական և գործնական ժամերի հարաբերակցությունը տատանվում է  30-70%-ի միջակայքում: Սակայն այս ուսումնական տարին առանձնանում է նրանով, որ կյանքի է կոչվում ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների հետ քննարկումների ընթացքում մշակված՝ կրթության կազմակերպման նոր ձևաչափը, որն իրականացվում է գործընկեր լրատվամիջոցների հետ:

 

 

- Ինչպե՞ս է կազմակերպվում «Պրակտիկումը»: 

 

- Երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները շաբաթական մեկ օր այցելում են որևէ լրատվամիջոց հետևյալ սկզբունքով․երրորդ կուրսի առաջին կիսամյակում՝ տպագիր մամուլի խմբագրություններ և ռադիոընկերություններ, երրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ հեռուստաընկերություններ և առցանց ԶԼՄ ընկերություններ, չորրորդ կուրսի առաջին կիսամյակում՝ վերը թվարկված զանգվածային բոլոր լրատվամիջոցներ, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայություններ՝ առաջնորդվելով ավարտական աշխատանքի թեմատիկ ընդգրկմամբ:

 

- Ֆակուլտետային բարփոխումների շարքում է նաև փորձարարական հեռուստաընկերության հիմնումը: Ի՞նչ նոր հնարավորություններ այն կընձեռի ֆակուլտետին և ուսանողներին:

 

- Այո՛, երկրորդ նոր և կարևոր գաղափարը, որը կյանքի ենք կոչում, փորձարարական հեռուստաընկերության հիմնումն է:

 

Ուսանողներին գործնական հմտություններ փոխանցելու համար 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում կստեղծվի յութուբյան ալիք, որտեղ կցուցադրվեն ուսանողների հաղորդաշարերը (նաև ուղիղ եթերում): Նախատեսում ենք, որ այս բարեփոխումները ֆակուլտետը կդարձնեն իրար փոխլրացնող՝ ակադեմիական և արտադրական միջավայր:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: