08.11.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ԵՊՀ ՈՒԳԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ ԱԿՏԻՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ». ՎԱՐԴԱՆ ԼԱԲԼԱՋՅԱՆ
«ԵՊՀ ՈՒԳԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ ԱԿՏԻՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ». ՎԱՐԴԱՆ ԼԱԲԼԱՋՅԱՆ
Վարդան Լաբլաջյանը ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն է: Մեզ հետ զրույցում Վարդանն անդրադարձել է ԵՊՀ ՈՒԳԸ իր անդամակցությանը, դրա շրջանակում միջազգային ճանաչում ունեցող համալսարանների հետ նոր կապերի ձևավորմանն ու առկա համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ապագայի իր ծրագրերին:

Պատմում է Վարդանը:

 

Երևանի պետական համալսարան ընդունվելս պատահական չէր:

 

Ընդունվեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քանի որ «Քաղաքագիտություն» մասնագիտությունը բավականին պրակտիկ է և հնարավորություն է տալիս զարգանալու մի քանի ուղղությամբ՝ քաղաքական վերլուծաբանից մինչև քաղաքական լրագրող: Վստահ եմ՝ ԵՊՀ տված գիտելիքները կարիերայիս զարգացման հիմք են դառնալու:

 

Համալսարանի միջոցով ծանոթացա գիտական միջավայրին:

 

ԵՊՀ ընձեռած լավագույն հնարավորություններից է այն, որ կարողանում ես ուսանողական տարիներից ծավալել գիտական գործունեություն: 2020 թվականից ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն եմ (մինչ այդ ՈՒԳԸ շրջանակում գործունեություն եմ ծավալել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում): Սա գիտական գործունեությամբ զբաղվելու մի նոր սկիզբ էր ինձ համար:

 

 

Դառնալով ՈՒԳԸ արտաքին կապերի պատասխանատու՝ սկսեցի հետաքրքրվել միջազգային ծրագրերով:

 

Կարելի է ասել՝ եթե չլինեի ՈՒԳԸ անդամ և չմտածեի արտերկրի համալսարանների հետ կապերի ամրապնդման մասին, ապա փոխանակման միջազգային ծրագրերին մասնակցելն ինձ համար կլիներ պարզապես ճանապարհորդություն: Համակարգելով ՈՒԳԸ արտաքին նոր կապերի հաստատման և զարգացման աշխատանքները՝ փոխանակման ծրագրով 2020 թ. մարտին առաջին անգամ եղել եմ Կիպրոսում. առաջին իսկ այցն այնտեղի համալսարան խոստումնալից էր,  համալսարանականները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ԵՊՀ-ի նկատմամբ: Սակայն համագործակցությունը մի որոշ ժամանակով ընդհատվեց, քանի որ COVID-19 համաճարակի պատճառով կտրվեց կապն արտաքին աշխարհի հետ: Մեր գործակցային կապերն ամրապնդվեցին ավելի ուշ՝ 2021 թվականին՝ համաճարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո: Չնայած նմանատիպ խոչընդոտներին՝ կարևորն այն է, որ աշխարհի տարբեր համալսարանների հետ կապը մինչ օրս շարունակվում և գնալով ամրապնդվում է:

 

Միայն այս տարի փոխանակման ծրագրերով եղել եմ աշխարհի շուրջ 30 երկրում:

 

Տարբեր երկրներ կատարած իմ այցելությունների մեծ թիվը դարձյալ պայմանավորված էր ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի պատասխանատու լինելով: Յուրաքանչյուր նոր երկրում լինելս վկայում է նոր կապերի և համագործակցությունների ձևավորման մասին, որոնց նպատակն է հետագայում ԵՊՀ միջազգային ճանաչումը: Որպես հայ միջազգային հարթակներում ներկայանալս, մասնագիտական հարցերի շուրջ քննարկումների մասնակցելս, ԵՊՀ-ում ստացած գիտելիքներս ի ցույց դնելը շատերի մոտ հետաքրքրություն է առաջացնում համալսարանի նկատմամբ: Սա համալսարանական կյանքն իր բոլոր կողմերով (կրթական բարձր մակարդակ, ուսանողական ակտիվ կյանք, ուսանողական կառույցների մեծ ներգրավվածություն համալսարանական որոշումների կայացման գործընթացում և այլն) ներկայացնելու առիթ է դառնում: Ըստ իս՝ օտարերկրացիները ԵՊՀ-ն դիտում են որպես միջազգային չափանիշներին համապատասխանող բուհ:

 

 

ԵՊՀ ՈՒԳԸ-ն ակտիվ կապերի մեջ է աշխարհի շուրջ 20 երկրի 50 համալսարանների ներկայացուցիչների հետ:

 

ԵՊՀ ՈՒԳԸ-ի հետ համագործակցող ներկայացուցիչների թիվը հասնում է շուրջ հինգ հազարի, և կարևոր է, որ գործակից համալսարանները չեն սահմանափակվում միայն կոնկրետ երկրներով. դրանք ընդգրկում են ինչպես եվրոպական, այնպես էլ արևելյան մի շարք երկրներ: Հատկանշական է, որ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային գիտաժողովների ժամանակ եղել են դեպքեր, երբ հղել ենք մասնակցության անհատական հրավերներ:

 

Պրահայի պետական համալսարանի հետ աշխատանքային կապեր հաստատելու մեծ ակնկալիքներ ունենք:

 

Պրահայի պետական համալսարանը մեծ հետաքրքրություն ունի ԵՊՀ-ի նկատմամբ, քանի որ շատ ուսանողներ կարողանում են անվճար կրթաթոշակային ֆոնդերով սովորել այնտեղ, և ուսանողներից յուրաքանչյուրն իր մասնագիտական գիտելիքներով և նորարար ու ստեղծագործ մտքերով միանգամից ուշադրություն է գրավում՝ բարձր պահելով ԵՊՀ-ի անունը: Լիահույս եմ, որ հնարավոր կլինի սերտ համագործակցության ձևավորումը:

 

ԵՊՀ-ի հետ կապված հույսերս մեծ են, գիտելիքներս ի շահ համալսարանի գործադրելու ձգտումս՝ անսահման:

 

Հուսով եմ՝ դառնալով քաղաքական գիտությունների թեկնածու՝ կդասախոսեմ հարազատ դարձած ԵՊՀ-ում և իմ ավանդն ու ներդրումը կունենամ համալսարանի զարգացման և միջազգային նոր ու ամուր կապերի ձևավորման գործում:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: