15.03.2023 | 
Կրթություն, Գիտություն
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ
Աիդա Ջանջուղազյանը սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ «Սերվիս» բաժնում։ Կարևորելով կնոջ առանցքային դերը կյանքի տարբեր բնագավառներում` ԵՊՀ ուսանողը ձգտում է համալսարանում ստացած կրթությունը ծառայեցնել ոլորտի զարգացմանը:

- Աի՛դա, կպատմե՞ք մասնագիտության ընտրությունից. ինչո՞ւ որոշեցիք հենց ԵՊՀ-ում սովորել:

 

- Ես սիրում եմ լինել այնպիսի միջավայրում, որտեղ միօրինակություն չկա։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը հենց այդպիսին է։ Այնտեղ դասերն անցկացվում են ժամանակակից մեթոդներով՝ հնարավորություն տալով ոչ միայն համընդգրկուն գիտելիքներ ձեռք բերելու ոլորտի վերաբերյալ, այլև ունենալու ուսանողական հագեցած առօրյա: Ընտրեցի ԵՊՀ-ն, քանի որ վստահ էի՝ համալսարանն ավարտելուց հետո ինքս էլ կկարողանամ նպաստել ոլորտի զարգացմանը․ իմ կարծիքով՝ սպասարկման ոլորտը բարեփոխումների կարիք ունի:

 

- Նշեցիք, որ ոլորտում բարեփոխումների կարիք կա: Արդյոք ԵՊՀ-ն նախանշում է բնագավառում առկա հիմնախնդիրների լուծման ուղիները:

 

- Իհա՛րկե: Ֆակուլտետում դասախոսում են այնպիսի մասնագետներ, որոնք քաջատեղյակ են ոչ միայն տեղական, այլև միջազգային փորձին, իսկ դա նպաստում է ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը: Նրանք ներկայացնում են անհրաժեշտ բարեփոխումների ոչ օրինաչափ լուծումներ, որոնք, միանշանակ, չափազանց կարևոր են գործատուի համար:

 

- Իսկ ինչպե՞ս է հաջողվում համատեղել ընտանիքն ու կրթությունը:

 

- Ներքին համոզմունք ունեմ, որով առաջնորդվում եմ տարբեր իրավիճակներում, այն է` արդյունավետ կառավարել ժամանակն ու առկա ռեսուրսները: Նախապես պլանավորելով անելիքներս` կարողանում եմ ոչ միայն մեկտեղել ընտանիքն ու կրթությունը, այլև զբաղվել սեփական բիզնեսով: Ի դեպ, դրա զարգացման գործում ևս ԵՊՀ տված գիտելիքների դերը մեծ է: 

 

 

- Ոսկեդարի պատմիչ Եղիշեն ասել է. «Տվեք ինձ կիրթ ու խելացի մայրեր` ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»: Որքանո՞վ եք արժևորում կիրթ մայրերի դերը պետականաշինության գործում։

 

- Վստահաբար ասում եմ` կրթությամբ է հնարավոր նպաստել ազգային արժեհամակարգի ձևավորմանն ու զարգացմանը: Այդ գործում անգնահատելի է ծնողների դերը, չէ՞ որ երեխան առաջին հերթին սովորում է այն, ինչ տեսնում է ընտանիքում: Այստեղ է, որ ընդգծվում է մոր առանցքային դերը. նա է երեխաների գլխավոր կրթողն ու դաստիարակողը, իսկ բարեկիրթ երեխաները լուսավոր ապագայի կերտողներն են: 

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք դեռ երկմտում են ուսումը բուհում շարունակելու հարցում:

 

- Կարծում եմ` մենք ինքներս ենք «ստեղծում» մեր գործունեության վրա ազդող գործոններ, ուստի կարևոր է գիտակցել, որ առաջին հայացքից խոչընդոտ թվացող երևույթները հետագայում կդառնան մեր հաջողության գրավականը: Ելնելով սեփական փորձից՝ վստահեցնում եմ` ընտանիքն է այն ուժը, որը մղում է բուհում կրթություն ստանալու և ներդրում ունենալու աշխարհն ավելի լավը դարձնելու կարևոր գործում:

 

Մարինե Մկրտչյան 

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: