14.07.2008 | 
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
11 երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդները այսօր այցելեցին Երեւանի պետական համալսարան:

Հայաստանում մեկնարկել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական 14-րդ ֆորումը: Այն Հայաստանում անցկացվում է արդեն 7-րդ անգամ` նպատակ ունենալով համախմբել հայ համալսարանականներին, նրանց հաղորդակից դարձնել ազգային արմատներին եւ ժառանգությանը: 14 օրվա ընթացքում ուսանողներն առիթ կունենան հանդիպելու հայ մտավորականների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող բազմաթիվ եւ բազմաբնույթ խնդիրներ, այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը արտասահմանցի հյուրերին պատմեց Մայր բուհի առօրյայի, ձեռքբերումների, կատարվող բարեփոխումների, նաեւ` ուսանողների առջեւ ծառացած խնդիրների մասին:

 

«Հայաստանում բազմաթիվ արտասահմանցի, հատկապես` սփյուռքահայ ուսանողներ կան: Պատճառը ոչ միայն կրթության մատչելիությունն է, այլեւ դրան համարժեք կրթության որակը: Պետք է հպարտությամբ նշենք, որ հայաստանյան բուհական կրթությունը մրցունակ է միջազգային ասպարեզում»,- ասաց պարոն Քարամյանը` հավելելով, որ Երեւանի պետական համալսարանը պատրաստ է ընդունել Սփյուռքի մեր հայրենակիցներին:

 

Սյունե Շահբալադյանն արդեն 5-րդ անգամ է Հայաստանում, բայց առաջին անգամ է մասնակցում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումին: Հայրենիքում ապրելու մտադրություն դեռ չունի, բայց ուզում է գալ այստեղ սովորելու: Սյունեն ավարտել է Թեհրանի պետական համալսարանը` ճարտարապետություն մասնագիտությամբ: ԵՊՀ պրոռեկտորին հարց ուղղելիս նա հետաքրքրվեց, թե արդյոք իրենց դիպլոմը ճանաչվում է Հայաստանում եւ հակառակը:

 

«Թեհրանի պետական համալսարանի հետ Հայաստանն ունի միջպետական պայմանագիր, իսկ ԵՊՀ-ն` միջբուհական: Ուստի երկուստեք ճանաչվում են բուհերի ավարտական վկայականները»,- հավաստիացրեց Արսեն Քարամյանը:

 

Ուսանողներին հետաքրքրեց նաեւ ԵՊՀ-ի հեռակա ուսուցման հնարավորությունը: Բանախոսը նշեց, որ համալսարանի գրեթե բոլոր մասնագիտությունների գծով առաջարկվում է հեռակա ուսուցման տարբերակ: Հրաժեշտից առաջ պրոռեկտերը հորդորեց Սփյուռքի մեր հայրենակիցներին պահպանել հայոց լեզուն, մշակույթը. «Եթե պիտի հեռանաք այն վայրից, ուր այսօր ապրում եք, ապա լավ կլինի, որ գաք Հայաստան»: