20.06.2011 | 
Կրթություն
ՈՐՈՇՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՈՐՈՇՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Հայաստանում անտառների հավատարմագրումը փոփոխությունների կարիք ունի:

Հունիսի 17-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության նախաձեռնությամբ եւ կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի անմիջական օժանդակությամբ տեղի ունեցավ «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության` 2006 թ-ին ընդունած որոշման քննարկում: Քննարկմանը մասնակցում էին «Կանաչ ջրային միջավայր» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Բաղդարյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի բնապահպանական ծրագրերի խորհրդատու Լիա Ասատրյանը, «Վալեքս» խմբի գլխավոր իրավաբան Սահակ Կարապետյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը, «Տապան» էկոակումբի նախագահ Հրանտ Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխնախագահ եւ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը եւ այլք, ովքեր սերտ առնչություն ունեն բնապահպանության հետ եւ քաջածանոթ են ներկայացված խնդիրներին:

 

Բացման խոսքով հանդես եկավ Ռուբեն Պետրոսյանը, ով, կարեւորելով անտառի պահպանության դերը, խոսեց անտառապահների շատ ցածր աշխատավարձի մասին, ինչը չի ստիպում նրանց ավելի ուշադիր հսկել իրենց վստահված տարածքները. «Եթե անտառապահը նորմալ չի վարձատրվում, նա ինչպե՞ս կարող է իրեն վստահված տարածքի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերել, եթե նույն վերաբերմունքը չի ցուցաբերվում նրան ֆինանսական տեսանկյունից»:

 

Ռուբեն Պետրոսյանը ներկայացրեց նաեւ ՀՀ Կառավարության կողմից ընդունված վերը նշված որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին մի փաստաթուղթ: Քննարկման մասնակիցները թեժ ու բանավիճային հարցադրումներով հանդես եկան մի շարք առաջարկներով, որոնք առաջիկա օրերի ընթացքում պետք է հանձնվեն ՀՀ Կառավարությանը: «Տապան» էկոակումբի նախագահ Հրանտ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ անտառը պետք է տալ անտառի մարդուն, այլ ոչ թե ինչ-որ բիզնես-գործիչների. «Անտառ կառավարելը բիզնեսի է վերածվել, ինչը սխալ է, այսպես մնալ չի կարող:

 

Անտառի պահպանումը պետք է վստահվի անտառի մարդուն»: Այս տեսակետի հետ համաձայն չէին Ռուբեն Պետրոսյանն ու «Վալեքս» խմբի գլխավոր իրավաբան Սահակ Կարապետյանը, որոնց կարծիքով` «անտառի մարդը» կարող է նաեւ ոչ պրոֆեսիոնալ լինել, իսկ այս հարցում ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ծանր խնդիրներ կստեղծի: «Անտառների հավատարմագրումն իրականացվում է ոչ պատշաճ մակարդակով, հարկավոր է Կառավարության որոշման մեջ որոշակի փոփոխություններ կատարել»,-նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխնախագահը: Քննարկման վերջում մասնակիցները պայմանավորվեցին իրենց վերջնական առաջարկները հստակ սահմանել եւ համախմբել հանուն ընդհանուր շահի՝ անտառի պահպանման: Ինչպես նշեց Աիդա Իսկոյանը, քննարկումն անցավ շատ բեղումնալից, քանի որ նման կարգի հանդիպումների արդյունքում են ի հայտ գալիս իրական խնդիրները, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, իսկ այս քննարկումը հենց այդպիսին էր:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։