18.03.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ԻՐԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԻՐԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«…Ձմռան վերջին արեւը մայր մտավ, դաշտերի փեշերը սեւացան…»:

Իրանցի ուսանող Ալի Դոսթին այսպես է նկարագրել գարունը Հայաստանում: Հայոց լեզվի գաղտնարանները նոր-նոր բացող ուսանողը գարնանային իր տպավորությունների մասին գրել է հենց հայերեն: Բայց գարնան վառ եւ նուրբ երանգները ոչ միայն գովերգել է գրչով, այլեւ դրանք հանձնել լուսանկարներին:

 

«Գարուն է գալիս, դռները բացե՜ք…» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի ուսանող Ալի Դոսթիի նախաձեռնությունն էր: Երեք տարվա որոնումների արդյունքը եւ բնության գեղարվեստական պահերի հավերժացումն այսօր դարձել էին յուրօրինակ նվեր ֆակուլտետի բոլոր ուսանողների համար: Թեեւ լուսանկարները Հայաստանի բնությունը չեն պատկերում, սակայն էականը դա չէ. գարունն ամենուր նույնն է:

 

«Գարունը հրաշալի ժամանակ է. մարդկանց հոգիներն արթնանում են»,- ասաց ցուցահանդեսի հեղինակ Ալի Դոսթին` հավելելով, որ Հայաստանի եւ Իրանի հնագույն մշակույթը, բնությունը, մարդիկ իրար նման են, նույնիսկ հարազատ: Մոտ երկու տասնյակ լուսանկարները հայ բանաստեղծների` Շիրազի, Սահյանի, Կապուտիկյանի` գարնանը նվիրված քառատողերով էին ուղեկցվում: Բանաստեղծությունների ընտրության հարցում ուսանողին օգնել էր դասախոս Սիմոն Պետրոսյանը:

 

Հենց նրան է իրանցի ուսանողն առաջին անգամ ներկայացրել Հայաստանի գարունը պատկերող հայերեն ստեղծագործությունը: Ի դեպ, Ալին պարսկերեն վաղուց է ստեղծագործում: Ալի Դոսթին պատրաստվում է դիմել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դիվանագետ դառնալ: Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան Լեոնարդ Շեկյանի բնորոշմամբ` «նա հետագայում էլ դառնալու է կարգին դիվանագետ, Հայաստանն ու Իրանը ավելի ամուր կապերով է կապելու»: Դեկանը Ալիին համարում է ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը` աշխատասեր, կարգապահ, նպատակասլաց: «Հրաշալի է, որ Ալին ուզում է Հայաստանը տեսնել տարվա բոլոր եղանակներին: Այնքան լավ մտքեր է արտահայտում Ալին, որ զարմանում ես` այսքան կարճ ժամանակամիջոցում ինչպե՞ս զգաց գարնան շունչը»,- նկատեց պարոն Շեկյանը:

 

Գարնան թեմատիկային հավանաբար կհաջորդի հեղինակի երկրորդ` Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը: «Ես արդեն սկսել եմ նկարել Հայաստանը: Դեռ միայն Երեւանն եմ տեսել, բայց Հայաստանում շրջել հաստատ կհասցնեմ»,- ասաց Ալի Դոթսին: Իրանում նա հասցրել է լուսանկարների մի քանի ցուցահանդես հեղինակել: Ջավախքցի ուսանողուհի Արմինե Սեւիկյանին շատ են դուր եկել լուսանկարները. «Ալին զգացել է ամեն մի մանրուք, նկատել, նկարել: Իրեն շատ մտերիմ չեմ, բայց դատելով նկարներից` կարծում եմ` բավականին զգայուն մարդ է»: «…Եվ հեռավոր այն բլրի վրա մեխակը կակաչի դեմքի փափագից ուզում է… ապրել ու ապրել…»,- Խայամիի ոգով գրել է իրանցի Ալի Դոսթին:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։