23.09.2008 | 
ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց «Ներքին որակի ապահովում: Փորձը, խնդիրներն ու միտումները» խորագրով երկօրյա աշխատաժողովը:
«Ներքին որակի ապահովման համակարգը Հայաստանի բուհերում» նախագծի իրականացման ժամկետն երկու տարի է: Տեղեկատվության տարածման այս աշխատաժողովն ամփոփում է առաջին տարվա արդյունքները: «Tempus» ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ իրականացվող նախագծին մասնակցում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Լոնդոնի Միդլսեքսի համալսարանը, Ջենովայի համալսարանը: Նախագծի նպատակներն են բարելավել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի որակը եւ նպաստել բուհերի ներքին մշակույթի զարգացմանը: «Կրթության որակի խնդիրը դժվարին է ու խիստ արդիական: Կարծում եմ, որ ցանկալի բարեփոխումների հիմքում հենց համապատասխան որակի ապահովումն է»,- իր ողջույնի խոսքում նշեց «Tempus» ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լանա Կարլովան` շեշտելով, որ այսօր կրթության որակի հիմնական չափանիշը ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարելն է: Առաջիկա երկու օրերին բուհերում ուսման ներքին որակի ապահովման համակարգի ներկայացմանն ու վերլուծությանը զուգահեռ մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ նաեւ Եվրոպայի փորձին: Կազմակերպիչները խիստ կարեւորում են նաեւ ուսանողների ներգրավվածությունը նախագծի իրականացման գործընթացում: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ ուսանողությունը ակտիվորեն մասնակցի կրթության որակի բարձրացման գործընթացին, քանի որ մենք ստանձնել ենք պարտավորություն` մեր բարձրագույն կրթությունը դարձնել ուսանողակենտրոն»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հայ բանախոսներից բացի, տեղեկատվության տարածման աշխատաժողովի ընթացքում ելույթ կունենան Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Ռուսաստանից ժամանած մասնագետներ: