Երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի հաջորդ օրը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներն ու Ուսանողական խորհրդի հեռակա բաժնի հանձնաժողովի անդամներն այցելեցին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց: Համալսարանից ժամանած ուսանող ընկերներին ճեմարանականները դիմավորեցին շատ ջերմ. միասնական աղոթքից հետո Սուրբ Առաքելոց վանքում մասնակցեցին պատարագին, ապա շրջայց կատարեցին դպրանոցի տարածքում: Տեղացող առատ ձյունն առավել նպաստեց հոգեւոր ու աշխարհիկ կրթօջախների սաների անմիջական շփմանը. ձնագնդի խաղալուց հետո մի քիչ սառած, բայց ջերմ մթնոլորտում ուսանողները սկսեցին թեժ քննարկում ամենատարբեր թեմաների վերաբերյալ` կրոնական հիմնախնդիրներից մինչեւ սեռական դաստիարակություն:
Երիտասարդների բուռն քննարկմանը միացավ նաեւ դպրանոցի երիտասարդ տեսուչը, դեռ ավելին` նա նպաստեց, որ համալսարանական գեղեցկուհիներն իրենք որոշեն, թե սաներից ով պատասխանի իրենց հնչեցրած հարցին: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչու են ճեմարանականներն ընտրել հենց այս ուղին: Ամենատարբեր պատասխաններ լսելուց հետո ուսանողուհիների հարցերի շղթան շարունակվեց մինչեւ ամուսնական կյանք: Արդյունքում Մայր բուհի ուսանողների համար պարզ դարձավ, որ դպրանոցի սաներն ամենեւին էլ միջնադարյան ճգնակյաց կյանքով ապրող վանականներ չեն, նրանք էլ են սիրում ու սիրահարվում, ապրում առօրյա կյանքով, իսկ վեցնամյա կրթություն ստանալուց հետո որոշում են դառնալ կա՛մ կուսակրոն աբեղա, կա՛մ ամուսնացած քահանա: