06.04.2010 | 
Ուսանողական, Կրթություն
ՆՈՐ ՈՐԱԿ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
ՆՈՐ ՈՐԱԿ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Շուրջ 4 տասնյակ բուհերի 135 ներկայացուցիչներ այսօր մասնակցեցին «Որակի ապահովման բուհական համակարգեր» թեմայով սեմինարին:

«Որակի ապահովման համակարգեր». այսպես է կոչվում այն ուղեցույց-ձեռնարկը, որը ստեղծվել է Հայաստանի 4 բուհերի համատեղ աշխատանքի արդյունքում: Ուղեցույցում նկարագրված են բարձրագույն կրթության որակի ներքին ապահովման համակարգերի նպատակներն ու խնդիրները, հիմնական բնութագրերը, գործընթացներն ու ձեւավորման մեթոդաբանական սկզբունքները` որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ստանդարտների եւ ուղենիշների համաձայն:

 

«Մինչեւ այս ձեռնարկի պատրաստվելը բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել բուհերում, եւ այդ քննարկումներին մասնակից յուրաքանչյուր ոք կարող է իրեն այս ձեռնարկի համահեղինակը համարել»,- կարծում է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ով, ի դեպ, այս գրքի համահեղինակներից է, վստահեցնում է, որ թյուր են այն պատկերացումները, թե իբր Հայաստանի բուհական համակարգի որակը ցածր է:

 

«Ես առիթ ունեցա վերջերս Կիեւում մասնակցելու բուհական կառավարման համակարգերին նվիրված մի գիտաժողովի, որում ներգրավված էին ԱՊՀ 7 հանրապետությունների բուհերի ներկայացուցիչներ, եւ կարող եմ փաստել, որ մենք չենք զիջում նույն տարածաշրջանում գտնվող հանրապետություններին»,- ասում է Ալեքսանդր Գրիգորյանը: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը մեկն է այն 4 համալսարաններից, որոնց համագործակցության արդյունքում էլ ստեղծվել է վերոնշյալ ձեռնարկը:

 

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կարծում է, որ տեխնիկական բուհերի համար հատկապես կարեւոր է նյութատեխնիկական բազայի ապահովումը: «Դա էլ բուհում որակյալ կրթության ապահովման երաշխիքներից մեկն է»,- նշում է պարոն Մարուխյանը: Ուղեցույցը մշակվել եւ հրատարակվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ` «Որակի ապահովման ներքին համակարգի շրջանակային մոդել` միջբուհական կոնսորցիումի օրինակով» նախագծի շրջանակում: Բացի վերոնշյալ թեմաներից, ձեռնարկում քննարկվում են նաեւ բուհի ուսումնական ստորաբաժանումների ինքնավերլուծության, ինքնագնահատման հիմնական խնդիրներն ու ընթացակարգերը:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: