01.05.2007 | 
Կրթություն
ՄՐՑՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ
ՄՐՑՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ
Օլիմպիադայում լավագույնը ճանաչված ուսանողները օգոստոսի սկզբին կմեկնեն Բուլղարիա` միջազգային օլիմպիադային մասնակցելու:

Ապրիլի 28-ին Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում կայացավ ուսանողական օլիմպիադայի ամփոփիչ փուլը: Դրան մասնակցում էին ոչ միայն մաթեմատիկայի, այլեւ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի ֆակուլտետների, ինչպես նաեւ` ՀՊՃՀ-ի ուսանողներ: Մասնակիցները 55-ն էին: Բարձրագույն մաթեմատիկայի բոլոր ոլորտներից տրված 7 խնդիրները ուսանողները պետք է լուծեին 4 ժամում:

70 հնարավոր միավորից երեք ուսանող` Լեւոն Նուրբեկյանը, Վարդան Ոսկանյանը, Կարեն Քեռյանը, հավաքեցին 40 միավոր` արժանանալով առաջին կարգի մրցանակի: Ի դեպ, բոլորն էլ մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ են: Ընդհանուր առմամբ` 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի մրցանակի են արժանացել 7 հոգի, եւս 3-ը ստացել են խրախուսական մրցանակներ:

Ժյուրիի կազմում դոցենտ Միքայել Պողոսյանն էր, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Հայկ Ասատրյանը, դոցենտ Վարուժան Աթաբեկյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արթուր Բարխուդարյանը: Ժյուրիի նախագահն էր ֆիզմաթ. գիտ. դոցենտ Կարեն Նավասարդյանը:

Ըստ ժյուրիի անդամ Ռաֆայել Բարխուդարյանի, ուսանողների ցուցաբերած արդյունքները բավական հուսադրող են: «Անցյալ տարի մեր հաղթող ուսանողների երկու թիմ մեկնեց միջազգային 2 օլիմպիադայի` Իրան եւ Օդեսա: Իրանից վերադարձանք 1-ին կարգի մրցանակով, Օդեսսայից` 2-րդ, 3-րդ, նաեւ` գովասանագրերով: Ի դեպ, Օդեսայի, իսկ այս տարի` նաեւ Բուլղարիայի օլիմպիադային մասնակցում են 39 երկրների ուսանողներ»,- ասաց Ռաֆայել Բարխուդարյանը:

Նա պատմեց նաեւ, որ անցյալ տարի` միջազգային օլիմպիադային մասնակցելուց առաջ, մեկնող ուսանողները մեկ շաբաթ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում նախապատրաստվել են մրցույթին: «Հույս ունենք այս տարի եւս մեր ուսանողների համար նման հնարավորություն ստեղծել»,- ասաց կազմակերպիչը:

Ուսանողների մեկնման ծախսերը հոգում է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, որն ամեն տարի փորձում է հովանավորներ գտնել ուսանողների համար:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: