08.09.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում հանրային լսում էր կազմակերպվել:

Թեման «Բնապահպանական կրթության, դաստիարակության եւ իրազեկման ամբողջական եւ միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգն էր»: Բացման խոսքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը դրական գնահատեց այն հանգամանքը, որ կենտրոնը չի սահմանափակվում միայն ուսումնական եւ գիտահետազոտական աշխատանքներով, այլ նաեւ մեծ տեղ է հատկացնում այնպիսի բանավեճերին, ինչպիսին այսօրվա բանավեճն է: Իրավական այս ակտի անհրաժեշտությունը, ըստ մասնագետների, վաղուց կար:

 

Դրանով փորձ է արվում խնդիրը լուծելու հիմքային մոտեցում ցուցաբերել` էկոլոգիական կրթությունը ներմուծելով հասարակության բոլոր շերտեր` մանկապարտեզից մինչեւ ԲՈՒՀ: Մինչեւ քննարկումն սկսելը ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Տատյանա Դանիելյանը մասնակիցներին ներկայացրեց հայեցակարգի կարեւորությունն ու ընդհանուր դրույթները, որից հետո քննարկումը շարունակվեց` հարցուպատասխանի ձեւով: Հայաստանի Հանրապետությունում ծավալված տնտեսական բարեփոխումները եւ միջազգային բնապահպանական համագործակցության շրջանակների ընդլայնումը նպաստեցին նոր էկոլոգիական քաղաքականության ձեւավորմանը, որի անքակտելի մասն է կազմում բնապահպանական էկոլոգիական կրթությունը:

 

Ձեւավորվող նոր էկոլոգիական քաղաքականությունը ենթադրում է ներկա եւ ապագա սերունդների համար էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրի ապահովումը, որի իրագործումն առանց բնապահպանական կրթության, դաստիարակության եւ իրազեկման զարգացման հնարավոր չէ: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավումը մի շարք միջազգային բնապահպանական, կրթական եւ տեղեկատվական կոնվենցիաներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության գործընթացներին նույնպես պահանջում է ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական կրթության, դաստիարակության եւ իրազեկման զարգացման գործընթացը:

 

Ակնկալվում է, որ իրավական ակտի կիրառումը հետագայում կնպաստի բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերի բարձրացմանն ազգային ընդհանուր կրթական համակարգում, մատաղ սերնդի, ինչպես նաեւ ողջ հասարակության էկոլոգիական աշխարհայացքի, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի ձեւավորմանը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը եւ հասարակական կարծիքի ինստիտուտի ձեւավորմանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում: