11.12.2008 | 
Ուսանողական, Մշակույթ
«ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵ´Ք, ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ»
«ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵ´Ք, ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ»
Դեկտեմբերի 11-ին Ստամբուլում գործող «Քարտեշ Թյուրքյուլեր» («Եղբայր երգեր») նվագախումբը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի հյուրն էր:

Նրանք Հայաստանում են «Սայաթ-Նովա» երգչախմբի եւ ՊԿՍԹ պարախմբի հետ համատեղ կազմակերպած «Դռները բացե´ք, գարուն է գալիս» խորագիրը կրող համերգային ծրագրով, որի շրջանակում հնչելու են հայկական, քրդական, թուրքական, ադրբեջանական ժողովրդական երգեր: Հայկական երգերից կատարելու են «Բինգյոլը, «Մշո աղջիկը», «Կիլիկիան», «Հայոց աշխարհը», ինչպես նաեւ Սայաթ-Նովայի երգերը:

 

Արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ «Ակոս» թերթի լրագրող, «Քարտեշ Թյուրքյուլեր» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ սա Ստամբուլում գործող տարբեր ազգերի մշակութային համույթների առաջին համագործակցությունը չէ: Համագործակցության արդյունքում կայացած առաջին համերգը կրել է «Աշուղ է եկել մեր մայլեն» խորագիրը, որը երկու տարի առաջ տեղի է ունեցել Ստամբուլում եւ արժանացել է ջերմ ընդունելության:

 

«Այդ համերգին ներկա էր նաեւ լուսահոգի Հրանտ Դինքը, ով հույս էր հայտնել, որ մեկ օր էլ Հայաստանում նման համերգ կկազմակերպվի: Այսօր մենք իրականացնում ենք նրա բազում երազանքներից մեկը: Մենք հասկացել ենք, որ «թուրքական» հողերի վրա ապրող տարբեր ազգերի աշուղներ տարբեր լեզուներով նույն ցավն ու դարդն են լացել եւ ցանկանում ենք այդ մասին թեմատիկ համերգներ կազմակերպել »,- ասում է Բագրատ Էստուկյանը:

 

70-հոգանոց մշակութային այս պատվիրակության ելույթները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին Երեւանում, 13-ին` Վանաձորում: Հայաստանում համերգները լինելու են անվճար, որոնց կազմակերպմանն աջակցել են տարբեր կազմակերպություններ` Հայաստանից եւ Թուրքիայից, այդ թվում նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը:

 

Ի դեպ, ուսանողների հետ հանդիպման ժամանակ նվագախումբն իր հետ բերել էր նաեւ Ստամբուլում կայացած համերգի տեսագրությունից մի հատված: Երաժշտության միջոցով նրանք փորձել են ներկայացնել Թուրքիայում ապրող տարբեր ազգերի անցած գաղթի դժվարին ճանապարհը:

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար: