Ապրիլի 18-ից 24-ը Եվրասիական ազգային համալսարանի (ԵԱՀ) օրերի շրջանակներում ԵՊՀ-ում է գտնվում բուհի պատվիրակությունը, որի մի քանի անդամները երեկ եւ այսօր դասախոսություններով հանդես եկան Մայր բուհի ուսանողների եւ դասախոսների համար: Երկու օրերի ընթացքում ԵՊՀ ղազախ գործընկերները եղան Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ժուռնալիստիկայի ու Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետներում: ԵԱՀ եվրասիական հետազոտությունների ամբիոնի վարիչ Սվետլանա Կոժիրովան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ղազախստանի արտաքին քաղաքականության գերակայություններն ու առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են հարեւան երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանմանը:
«Անկախացումից հետո մեզ համար կարեւորագույն խնդիրներից էին սահմանների հստակեցումը, նավթարդյունաբերության քաղաքականության ճիշտ մշակումը, էթնիկ համայնքների միջեւ հարաբերությունների կարգավորումը (Ղազախստանում ապրում են շուրջ 130 ազգությունների ներկայացուցիչներ) եւ այլն: Մեր քաղաքականությունը բազմավեկտոր է, այսինքն` չունենք միայն մեկ ռազմավարական դաշնակից, ինչի համար հաճախ ենք մեղադրանքների արժանանում, բայց դա բխում է մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքից եւ շատ ու շատ տարբեր հանգամանքներից»,- նշում է Սվետլանա Կոժիրովան: Եթե Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողներին հետաքրքրում էին քաղաքական թեմաները, ապա Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին, որոնց երեկ հյուրընկալել էր ԵԱՀ հեռուստառադիոյի եւ հասարակայնության հետ կապերի ամբիոնի վարիչ Գադիլբեկ Շալախմետովը, առավել հետաքրքիր էին փորձառու լրագրողի` մշակույթի, հեռուստատեսության մասին պատմությունները:
Ի դեպ, Գադիլբեկ Շալախմետովը «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հիմնադիրներից մեկն է: Նա նաեւ եղել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարը եւ իբրեւ պատգամավոր` ներկայացված է եղել Ազգային ժողովում: ԵԱՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Շոլպան Տլեպինան էլ երեկ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրավագիտության դասավանդման ղազախական փորձն ու ձեռքբերումները: Տիկին Տլեպինան մասնավորապես նշեց, որ իրենց բուհում մեծապես խրախուսվում է ուսանողների, հատկապես մագիստրոսների եւ ասպիրանտների` արտասահմանյան բուհերում ուսումը շարունակելու ձգտումը, քանի որ նրանք ավարտելուց եւ վերադառնալուց հետո մեծ նպաստ են բերում բուհի բազմակողմանի զարգացմանը եւ հարստացնում են դասավանդման փորձառությունը: Ֆակուլտետը նաեւ իր գիտական ամսագիրն ունի, որտեղ եւս հաճախ հանդես են գալիս այլ բուհերի օտարերկրյա հեղինակները: Ի դեպ, բանախոսը խոստացավ, որ մեծ սիրով կտպագրեն նաեւ Երեւանի իրենց գործընկերների գիտական հոդվածները: