01.03.2007 | 
Կրթություն
ԿԱՐԵՎՈՐԸ ԲՈՒՀԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ Է
ԿԱՐԵՎՈՐԸ ԲՈՒՀԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ Է
Այս տարի Երեւանի պետական համալսարանը թեւակոխել է բարեփոխումների վճռական փուլ:

2007 թ-ի սեպտեմբերից ԵՊՀ մագիստրատուրան ամբողջությամբ կրեդիտային համակարգի է անցնելու, իսկ մեկ տարի անց համակարգը կներդրվի նաեւ բակալավրիատում: Այս մասին տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կրեդիտային համակարգի ներդրումը հնարավորություն կտա բուհական ուսուցումը բարձրացնել նոր մակարդակի, մոտեցնել միջազգային չափանիշների: Դա նաեւ դյուրին կդարձնի կրեդիտների հավաքումը ոչ միայն մեր երկրում, այլեւ արտասահմանյան բուհերում»,- մանրամասնեց ռեկտորը:

Նա անդրադարձավ նաեւ ռեկտորների խորհրդի աշխատանքների ակտիվացմանը` նշելով, որ եթե նախկինում հայաստանյան բուհերն ավելի շատ հարաբերվում էին արտերկրի համալսարանների հետ, ապա այսօր իրադրությունը կտրուկ փոխվել է. «Ռեկտորները վստահ են, որ պետք է հենց մեր բուհերի միջեւ հարաբերությունները ակտիվացնել: Օրինակ` Ճարտարագիտական համալսարանի հետ ոչ միայն կրթական ծրագրեր ենք իրականացնում, այլեւ գիտահետազոտական աշխատանքների բնագավառում ենք փորձում համագործակցել»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Բուհում ստեղծվել են նոր գիտական կենտրոններ`«Քաղաքական հայագիտության կենտրոն», «Քաղաքագիտության հետազոտությունների կենտրոն», «Վրացագիտության կենտրոն», «Միջազգային եւ եվրոպական իրավունքի կենտրոն», «Հնագիտական գտածոների պահպանման եւ վերականգնման լաբորատորիա», որոնք նորություն, թարմություն կբերեն գիտական հետազոտությունների ոլորտին:

Ռեկտորը հատկապես կարեւորեց «Օսմանագիտության կենտրոնի» ստեղծման անհրաժեշտությունը. «Այդ ոլորտը մեզ մոտ սաղմնային վիճակում է, բայց խիստ անհրաժեշտ է բոլորիս` թուրքական արխիվների ուսումնասիրության համար»:

Կադրերի երիտասարդացման խնդիրը շարունակում է մնալ ԵՊՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Բուհի շրջանավարտները պիտի աշխատանքի հեռանկար ունենան: «Մենք երիտասարդներին քաջալերելու քաղաքականություն ենք իրականացնում` նրանց ներուժը ի բարօրություն համալսարանի օգտագործելու համար»,-ասաց ռեկտորը: Ըստ նրա` բուհում ակտիվացել է ուսանողական կառույցների գործունեությունը:

Լրագրողի այն հարցին, թե որքանով է նախընտրական գործընթացներին մասնակցում համալսարանը, ռեկտորը վստահեցրեց. «Համալսարանը ապաքաղաքական կառույց է, եւ ոչ ուսանողական կառույցների ղեկավարները, ոչ ԵՊՀ պրոռեկտորները որեւէ քաղաքական կուսակցության չեն անդամակցում: Ինչ վերաբերում է յուրաքանչյուր համալսարանականի քաղաքական հայացքներին, դա նրա անձնական գործն է, իսկ այդ հայացքները բուհում պրոպագանդելը խստիվ արգելված է»:

Համալսարանի այս տարվա ձեռքբերումներից է ռոտացիոն համակարգի արդյունավետ ներդրումը: Անվճար համակարգում սովորողների 65 տոկոսը պահպանել է իր կարգավիճակը: Ռեկտորը նկատեց, որ ուսանողների շրջանում լավ սովորելու ձգտումն արդեն իսկ նկատելի է: Սակայն բուհից մոտ 100 ուսանող է հեռացվել այն պատճառով միայն, որ նրանց մակարդակը չի բավարարում բուհական չափանիշներին: «Էական չէ` վճարովի համակարգի ուսանող են նրանք, թե ոչ. մեր հեղինակությունն ավելի կարեւոր է»,- վստահեցրեց Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
«ԱՎԵԼՈՐԴ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՎ ԿՈՉ ԱՆԵԼ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՌԱՆԴ ԴՐՍԵՎՈՐԵԼ»․ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանի հետ:
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ  ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման: