11.12.2007 | 
ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
«Մեր հիմնական գործառույթը նոր սերնդի մեջ բնական գիտությունների հանդեպ հետաքրքրություն ու սեր արթնացնելն է»,- ասում է Ալեքսանդր Պոկրովսկին:
Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում մեկնարկեց միկրոուսումնասիրություններ անցկացնող գիտությունների փորձերին նվիրված աշխատանքային երկօրյա սեմինարը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ: Սեմինարը նախատեսված է հայաստանյան դպրոցների ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչների, ինչպես նաեւ` ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների դասախոսների համար: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն իր բացման խոսքում կարեւորեց դպրոցի հետ տարվող աշխատանքը, մանավանդ բնական գիտությունների բնագավառում: Իսկ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ողջունեց նախաձեռնությունը եւ հաջողություն մաղթեց սեմինարի բոլոր մասնակիցներին: Սեմինարը նվիրված է լաբորատոր աշխատանքներում նոր մեթոդոլոգիայի ներմուծմանը` օգտագործելով միկրոքիմիական ոչ բարդ ու մեծ ծախսեր չպահաջող լաբորատոր սարքավորումներ: Սեմինար վարող ակադեմիկոս, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի հիմնադիր Ալեքսանդր Պոկրովսկին ներկայացրեց սեմինարի հիմնական նպատակները` զուգահեռաբար ցուցադրելով նաեւ տեսանյութեր: «Սեմինարի նպատակը ոչ հարուստ երկրներում գիտական փորձերի բազմազանությունը մինիմալ նյութերով ապահովելու կարողությունն է, սակայն այդ ամբողջ գործընթացում, անկասկած, պետք է ներգրավել ներկա սերնդին: ՈՒստի շատ եմ կարեւորում հենց աշակերտների եւ, ինչու չէ, նաեւ ուսուցիչների հետ տարվող աշխատանքը»,- ասում է Ալեքսանդր Պոկրովսկին: Սեմինարին ներկա էին ԵՊՀ քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանները եւ ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի ներկայացուցիչներ: Օրվա երկրորդ կեսից մինչեւ սեմինարի ավարտը մասնակիցները գործնական աշխատանքներ իրականացրին ԵՊՀ լաբորատորիաներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակը նմանատիպ սեմինարներ է անցկացնում նաեւ Ադրբեջանում, Բելոռուսում, Մոլդովայի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանում նման ծրագիր իրականացվում է առաջին անգամ: