10.06.2009 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՊՀ-ՈՒՄ
«Սոցիոլոգիան, շարժվելով արեւմուտքից արեւելք, անցնելով ողջ Եվրոպան, այսօր հանգրվանել է Հայաստանում»,- ասում է ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:

Հունիսի 10-ին ԵՊՀ Գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի եւ Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը: Բանախոսները լրագրողներին ներկայացրին 2009 թվականի հունիսի 11-ից 14-ը ԵՊՀ-ում անցկացվող «Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագրով Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսին վերաբերող բոլոր մանրամասները:

 

Կոնգրեսի կազմակերպիչն է Ստոկհոլմում գտնվող Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, իսկ համակազմակերպիչը Երեւանի պետական համալսարանն է: «Անկեղծ ասած, ես զարմացած եմ, քանի որ անկախությունից ի վեր տարբեր երկրներից այսքան մեծ թվով գիտնականներ մեր երկիրը եւ հատկապես ԵՊՀ-ն չեն հյուրընկալել: Շատ ուրախ եմ, որ Համալսարանը կարողացավ հաղթահարել սոցիոլոգիական հզոր դպրոց ունեցող երկրների մրցակցությունը եւ իր հարկի տակ հյուրընկալել համաշխարհային ճանաչում ունեցող սոցիոլոգների»,- ասուլիսի ընթացքում ասաց Արամ Սիմոնյանը:

 

ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը կարծում է, որ գիտության համար չափազանց կարեւոր է այս կոնգրեսը, որտեղ քննարկվելու են բազում արդիական հիմնահարցեր, որոնք ծառացած են ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ աշխարհի առջեւ: «Այս կոնգրեսը գալիս է շարունակելու համաշխարհային կոնգրեսների շարքը, որտեղ սոցիոլոգները փորձելու են արձագանքել կյանքի կողմից առաջ քաշված հիմնախնդիրներին: Այն ունի երեք հիմնական նպատակներ, որոնցից ամենաառաջնայինը թերեւս հետեւյալներն են, թե ինչպե՞ս է շարժվում սոցիոլոգիան եւ ու՞ր է հասել:

 

Պետք է արձանագրել նաեւ այն փաստը, որ սոցիոլոգիան շարժվում է արեւմուտքից դեպի արեւելք եւ այսօր ընդգրկում է արեւելյան հասարակությունը եւս: Նաեւ շատ կարեւոր է, որ սոցիոլոգները սուր աչքով են նայելու ռեգիոնալ գործընթացների առանձնահատկություններին»,- ավելացնում է Լյուդմիլա Հարությունյանը: Իսկ Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի եւ Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը, ողջունելով ներկաներին, ավելացրեց, որ նկատի ունենալով ԵՊՀ-ի գիտական հարուստ ներուժը` ամենեւին էլ զարմանալի չէ, որ աշխարհի սոցիոլոգները հավաքվել են հենց ԵՊՀ-ում:

 

«Մենք հավաքվել ենք այստեղ` քննարկելու սոցիալական գիտությունների տեսական եւ մեթոդաբանական նվաճումները, մարդկության առջեւ ծառացած արդի երկընտրանքները, գլոբալ ճգնաժամի եւ դրա հետեւանքների ու հաղթահարման հնարավորությունները, հասարակությանը, անձին եւ պետությանը միտված մարտահրավերները, ժամանակակից աշխարհում դե ֆակտո պետությունների, ցանցային հասարակության առանձնահատկությունների, հետխորհրդային երկրների մոդեռնացման գործող մոդելները, ցեղասպանության, զանգվածային բռնության ու պատերազմի եւ արդիական այլ կարեւոր խնդիրների վերաբերյալ հիմնահարցերը»,- նշում է Բյորն Վիտրոկը:

 

Կոնգրեսին, բացի սոցիալական գիտությունների ակնառու ներկայացուցիչներ Իմանուել Վալերստեյնից, Միշել Վիվյորկայից, Էդվարդ Թիրյաքյանից, Լեւ Գուդկովից, Միխայիլ Գորշկովից եւ վաստակաշատ այլ սոցիոլոգներից, մասնակցելու են նաեւ ներկայացուցիչներ ավելի քան 50 երկրների 89 համալսարաններից եւ գիտահետազոտական կենտրոններից:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից: